«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը` ապրիլի 4-ին
2013-03-27
«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթին, ինչպես տեղեկացրել է «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը, մասնակցում է 960 դպրոց, այդ թվում 912 դպրոց Հայաստանից և 48 դպրոց Արցախից: «Մասնակիցների ընդհանուր թիվն այս տարի աննախադեպ բարձր է` 3-12-րդ դասարանների 39500 աշակերտ: Այս ցուցանիշն ամենաբարձրն է` նախորդ չորս տարիների համեմատությամբ՝ թե´ աշակերտների, թե´ դպրոցների մասնակցության թվով»,- նշել է Դ. Սահակյանը և հավելել, որ մրցույթում պարտվող երեխաներ չկան, քանի որ բոլոր մասնակիցները ստանում են հուշանվերներ և մասնակցության վկայական: «Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում. այս տարի մասնակցում է մոտ 7 միլիոն դպրոցական: Հայաստանում «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթն անցկացվում է հինգերերորդ անգամ: Հիմնական նպատակը «Մաթեմատիկա» առարկայի ուսուցումը խրախուսելն ու սեր դեպի այդ առարկան առաջացնելն է»- նշել է Դ. Սահակյանը:
ՀՀ ԿԳՆ վարչության պետը նշել է, որ «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում կրթական միջոցառումների շարքում: Ն. Հովհաննիսյանի տեղեկեցմամբ` այժմ ընթացքի մեջ են դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի նախապատրաստական աշխատանքները. «Նախարարության կողմից տարեկան կազմակերպվում է 16 առարկայական օլիմպիադա, որոնցից 6-ը` միջազգային: Հանրապետական մրցույթներում լավագույն արդյունքներ ցուցաբերած դպրոցականներից հետագայում կկազմվեն միջազգային օլիմպիադաների ազգային թիմերը»,- նշել է Ն. Հովհաննիսյանը` հավելելով, որ մեր դպրոցակնները վերջին տարիներին մշտապես միջազգային օլիմպիադաներում ցուցաբերում են լավ արդյունքներ: Անցյալ տարի հայ դպրոցականները նվաճել են 16 մեդալ միջազգային տարբեր օլիմպիադաներում: Այս տարի ևս Ղազախստանում տեղի ունեցած օլիմպիադայում արդեն մեկ մեդալ Հայաստանի ներկայացուցիչը նվաճել է:












