Մեկնարկել են ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերը

2013-03-19

Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանում այսօր տեղի է ունեցել ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պետական  և ոչ պետական 16 բուհերի և Արցախի պետական համալսարանի ուսանող մարզիկները: Միջոցառման մասնակիցներին ողջունել է և հաջողություն մաղթել ՀՀ կրթության և գիտության նախարար, Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը: «Ակնհայտ է, որ այսօր մենք ուսանողական սպորտի հանրայնացման խնդիր ունենք և, առհասարակ, առողջ ապրելակերպը` որպես մշակույթ, հատկապես երիտասարդ սերնդի մոտ դեռևս վերջնականապես արմատավորված չէ:
Երիտասարդները պետք է չչարաշահեն իրենց բնատուր առողջությունը և հետևեն այդ առողջ ապրելակերպի մշակույթին` որքան հնարավոր է վաղ հասակից: Եվ սա դասերի հաշվին չէ, որ արվում է: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում սպորտը մշակույթի մի մասն է ոչ միայն այն պատճառով, որ այն պարտադրված է քննական թերթիկում` որպես առարկա, այլ որպես մարդու  ամենօրյա կենսակերպի մաս: Առողջ մարդը կարող է իր առջև դրված ցանկացած հարց լուծել»,-նշել է Արմեն Աշոտյանը` հավելելով, որ այս տարին ուսանողական սպորտի համար կարևոր է, քանի որ Կազան քաղաքում տեղի է ունենալու հերթական ուսանողական համաշխարհային ունիվերսիադան, որին, ըստ նախարարի, մասնակցելու է շուրջ 45 անձից բաղկացած Հայաստանի պատվիրակությունը: Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի պատվիրակությունը մասնակցելու է 7 մարզաձևերից անցկացվող մրցումներին, այն է` հունահռոմեական ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, սամբո, շախմատ, ձյուդո, ծանրամարտ  և ևս 1-2 մարզաձև, որոնցից հայ մարզիկները համապատասխան հայտ կներկայացնեն: «Ինչպես տեսնում ենք, ավանդաբար ամենաուժեղ մարզաձևերն ենք ներառել, ուստի հույս ունենք հաղթանակներ տոնել: Ունիվերսիադան իր կարևորությամբ  երկրորդ մարզական իրադարձությունն է օլիմպիադայից հետո և ակնհայտ է, որ հայ մարզիկները նույնպես պետք հավակնություններ դրսևորեն և ամեն ինչ անեն, որպեսզի Հայաստան վերադառնան` նոր նվաճումներով և հաղթանակներով: Պետությունը դրա համար պատրաստ է անել հնարավոր  ամեն ինչ. պետական բյուջեում հատուկ ունիվերսիադային մասնակցելու համար այս տարի  լրացուցիչ միջոցներ են ներդրված, և ՀՀ կառավարությունը բոլոր խնդիրները վերցրել է իր վրա: Նշեմ նաև, որ ապագայում մենք համագործակցելու ենք նաև ճյուղային մարզական ֆեդերացիաների հետ, որպեսզի մեր մարզիկները լավագույնս պատրաստվեն և պատշաճ հանդես գան»,-շեշտել է Արմեն Աշոտյանը` ավելացնելով, որ ուսանողների  14-րդ հանրապետական մարզական խաղերը ուսանողական տոն է, որն այսօր, ըստ նախարարի, համախմբել է ոչ միայն մարզիկներին, այլն նաև վերջիններիս երկրապագուներին:
Ավանդական դարձած  ուսանողների մարզական խաղերը կանցկացվեն 2013թ. մարտ-մայիս և հոկտեմբեր ամիսների ընթացքում 7 մարզաձևերից` բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, մինի ֆուտբոլ, սեղանի թենիս, շախմատ և ատլետիկական կրոսավազք: Մարզական խաղերի առանձին մարզաձևերի հաղթող թիմերը կպարգևատրվեն գավաթներով և պատվոգրով, 2-3-րդ մրցանակային տեղեր գրաված թիմերը` պատվոգրերով: 1-3-րդ տեղերը գրաված թիմերի անդամները, բացառությամբ կրոսավազքի, ինչպես նաև հաղթող թիմերի մարզիչները կպարգևատրվեն համապատասխան պատվոգրերով և մեդալներով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։