«Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշար

2013-02-27

«Գիտակների հայակական ասոցիացիան» և «Քաղծառայողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները, ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, արդեն չորրորդ տարին է` կազմակերպում են «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը: Մրցաշարի նպատակն է` խրախուսել ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատակիցների մասնակցությունն ինտելեկտուալ խաղերին և հնարավորինս ընդլայնել ինտելեկտուալ խաղերի տարածվածությունը Հայաստանում:
Մրցաշարի եզրափակչին ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կառավարման մարմինների ներկայացուցիչներ: Մրցաշարի հաղթող է ճանաչվել ՀՀ արտաքին գործերի նախարարության թիմը, որը եզրափակիչ փուլում առավելության է հասել ՀՀ պաշտպանության նախարարության թիմի նկատմամբ: Մրցաշարի երրորդ տեղն է զբաղեցրել ՀՀ առողջապահության թիմը:
«ՀՀ վարչապետի գավաթ»-ին արժանացած ԱԳ նախարարության թիմի անդամներին հաղթական գավաթը հանձնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով, շնորհավորելով մրցաշարի հաղթողներին և մասնակիցներին, նշել է. «Այս խաղն ունի մեծ խորհուրդ՝ այն է, որ գործադիր իշխանության ներսում մրցակցությունը պետք է լինի ինտելեկտուալ: Կարևոր է, որպեսզի մեր նախարարությունների աշխատակիցներն ինտելեկտուալ մրցակցային դաշտում լավագույնը լինելու շարժառիթ ունեն: Ուրախ եմ, որ տարեցտարի այս խաղի նկատմամբ հետաքրքրությունը և մրցաշարի մասնակիցների թիվն ավելանում է, ինչը նշանակում է, որ մենք կարողանում ենք ինտելեկտուալ դաշտում մրցակցային մթնոլորտ ստեղծել, որտեղ, համոզված եմ, հաղթող է լինելու կառավարման համակարգը և մեր պետությունը»: Անդրադառնալով եզրափակիչի մասնակից ՀՀ պաշտպանության նախարարության թիմին՝ Տիգրան Սարգսյանն ասել է, որ նախորդ տարվա համեմատ այն այս տարի լուրջ հաջողություն է արձանագրել: «Դա ուրախալի է, որովհետև հենց ՊՆ-ում պետք է ձևավորվի նոր ինտելեկտուալ զանգվածը և մեր հայրենասեր, հասարակությունն առաջ տանող էլիտան: Այսօր կարող ենք արձանագրել, որ ՊՆ-ն էապես հզորացնում է մեր բանակի ինտելեկտուալ հատվածը: Համոզված եմ, որ դա ապագայում մեզ լրջագույն հաջողություն է ապահովելու»,- նշել է վարչապետը: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ Արտաքին գործերի նախարարությունն այսօրվա հաղթանակով ապացուցել է, որ այսուհետ ևս կարող ենք հանգիստ լինել դիվանագիտական ճակատում մղվող պայքարի համար, քանի որ այն մղում են ինտելեկտուալները, որոնք ունեն բավարար գիտելիքներ, որպեսզի պաշտպանեն մեր շահերն արտաքին ճակատում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հանձնելով երկրորդ տեղի մրցանակը ՀՀ պաշտպանության նախարարության թիմին, նշել է.«Պաշտպանության նախարարության թիմի տղաներն այսօր փայլեցին անպես, ինչպես փայլում են ռազմաճակատում: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ արձանագրած հաջողության համար և վստահություն հայտնում, որ առաջին տեղի համար պայքարը դեռ առջևում է»:
Մրցաշարին մասնակցել են ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարության առընթեր մարմինների 27 թիմեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։