Նախարարը հանդիպել է բլոգերներին և սոցցանցերի ակտիվ օգտատերերին

2013-02-16

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում բլոգերների և սոցիալական ցանցերի մի խումբ ակտիվ օգտատերերի հետ: Հանդիպման սկզբում նախարարը շնորհակալություն է հայտնել բլոգերներին՝ հրավերն ընդունելու համար և շեշտել, որ հանրային հատվածի հետ անմիջական համագործակցությունը կարևոր նպաստ է բերում  կրթության ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը:
Հանդիպման մասնակիցները  նախարարին ներկայացրել են  բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել  են ավագ դպրոցների գործունեությանը, բուհական ընդունելության ընթացակարգին և շտեմարաններին, դպրոցական դասագրքերին, ասպիրանատական տեղերի հատկացմանը, գիտական կոչումներին և  աստիճանաշնորհմանը, ինչպես նաև միջազգային կրթական ծրագրերին, տարկետման իրավունքին և բազմաթիվ այլ խնդիրների: Նախարարը սպառիչ պատասխանել է բոլոր հարցերին, որոնց շուրջ ծավալվել է բուռն ու շահագրգիռ քննարկում: ՀՀ-ում սպասվող առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում անդրադարձ է եղել նաև ՀՀ ԿԳ նախարարի կողմից կրթական մի քանի հաստատությունների ղեկավարների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերին, որոնց  հետ կապված՝ բլոգերներն ու Ֆեյսբուքի օգտատերերը ներկայացրել են իրենց մոտեցումներն ու կարծիքները: Հանդիպման մասնակիցներն այս համատեքստում դրական են գնահատել նախարար Ա. Աշոտյանի հանրային  գործունեությունը և  քաղաքացիական ակտիվությունը, ինչը, ըստ մասնակիցների, նպաստում է նաև կրթական խնդիրների և ոլորտում բարձրացված հարցերի օպերատիվ լուծմանը: Հանդիպումն անցել է անկաշկանդ և  ջերմ մթնոլորտում՝ ոչ պաշտոնական ձևաչափով: «Ես շատ եմ սիրում քննադատություն. եթե քննադատական խոսքը բովանդակային խնդիր է պարունակում, դա ինձ համար հաճելի է, որն հետո վերեծվում է ինտելեկտուալ պայքարի և գործունենության խթանի: Ուզում եմ խնդրել բոլորիդ, որ այսուհետ ևս ակտիվորեն հետևեք կրթության ոլորտին և ներկայացնենք ձեր դիտարկումները: Հավատացնում եմ, որ դրանք անհետևանք և անարձագանք չեն մնա »,- հանդիպման ավարտին դիմելով բլոգերներին՝ նշել է  ՀՀ ԿԳ նախարարը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։