Համագործակցության նոր հեռանկարներ

2013-02-13

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է «Եվրասիական մեծ համալսարանական համալիր» կազմակերպության նախագահ,  ՌԴ Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Մ. Ֆյոդորովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարարը ներկայացրել է Հայաստանի կրթության ոլորտում վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, մասնավորապես, բուհերի ակադեմիական ինքնավարության, կրթության որակի բարձրացման, հավատարմագրման գործընթացների տեսանկյունից:
Արմեն Աշոտյանը ռուս գործընկերներին տեղեկացրել է, որ ԱՊՀ տարածքում Հայաստանն առաջին երկիրն է, որն առաջիկա երեք տարիներին ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը. վերջինս, ըստ նախարարի, ոչ միայն մեծ պատասխանատվություն է, այլև յուրօրինակ արձանագրում, որ եվրոպացի գործընկերները գնահատում են վերջին տարիներին Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացված բարեփոխումները:
Մ. Ֆյոդորովն իր հերթին նշել է, որ ներկա դարաշրջանում զարգացման ժամանակակից տենդենցները պահանջում են եվրասիական տարածքում կրթության և գիտության ոլորտում ինտեգրման գործընթացների արագացում: Այդ համատեքստում, ըստ ռեկտորի, համագործակցության արդյունավետ մեխանիզմներ են դիտարկվում նորարարական-կրթական միավորումները, որոնք իրենց մեջ ներառում են ինչպես գիտակրթական հաստատությունները, այնպես էլ բիզնեսի, իշխանության և քաղաքացիական ինստիտուտները: Մ. Ֆյոդորովը նաև տեղեկացրել է, որ մոտ ապագայում նախատեսվում է իրականացնել նորարարական ֆորում, որին կարող են մասնակցել նաև Հայաստանի բուհերը: Ֆորումի ընթացքում անդրադարձ կլինի կրթական համագործակցությանը` հիմնված նորարարական մոդելի վրա, որն  այսօր ամբողջ աշխարհում, ըստ ռեկտորի, դիտարկվում է որպես առաջնահերթ խնդիր: Ռեկտորը նախարար Արմեն Աշոտյանին հրավիրել է մասնակցելու Եկատերինբուրգում և Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական երիտասարդական 4-րդ ֆորումին. վերջինս միջազգային երիտասարդական շարժում է, որում ներգրավված է աշխարհի շուրջ 100 երկիր: Ֆորումին մասնակցում են նաև ՀՀ բուհերը, իսկ Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանում գործում է նաև ֆորումի ներկայացուցչություն:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Եվրասիական միասնական կրթական տարածքի ստեղծման խնդրին: Նախարար Արմեն Աշոտյանը, նշելով Հայաստանի կրթական համակարգի ներգրավածությունն ինչպես եվրոպական միասնական, այնպես էլ ԱՊՀ կրթական տարածքներին, ընդգծել է, որ վերջինիս իրականություն դառնալու պարագայում այն իր մեջ նոր բովանդակություն, նոր գաղափար, նոր հեռանկար պետք է  պարունակի:
Հանդիպման ավարտին քննարկվել են նաև ԱՊՀ տարածքում որակավորումների ճանաչման, իննովացիոն համակարգերի և հեռավար կրթության հետ կապված այլ  խնդիրներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։