Ա. Աշոտյան. «Մենք զուսպ ենք մեր խոստումների, բայց կարգապահ` դրանց իրականացման մեջ»

2013-02-11

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը 2012 թվականի սեպտեմբերին հայտարարել էին  «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր-2012» մրցույթը, որի հաղթողներին այսօր հանձնվել են դրամաշնորհների վկայագրերը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի, կրթության և գիտության բնագավառի ներկայացուցիչներ: Դրամաշնորհները հատկացվել են ՀՀ բնակիչ հանդիսացող և ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանում բնակվող ասպիրանտներին:
Նախարարը, շնորհավորելով մրցանակակիրներին, նշել է, որ այս տարի երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրերում աճ է արձանագրվել երեք ուղղությամբ. «Ավելացել է ֆինանսավորվող ծրագրերի թիվը` շնորհիվ պետական աջակցության, ավելացել  է գործընկերների թիվը, ովքեր պատրաստ են երիտասարդական ծրագրեր ֆինանսավորել և, վերջապես, ավելացել  է ասպիրանտ աղջիկների թիվը, որը շատ հուսադրող է: Տարեցտարի պետության, հասարակական և մասնավոր հատվածի համագործակցության շնորհիվ երիտասարդ գիտնականների համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ: Գիտությունն այն ոլորտն է, որի պետական ֆինանսավորումը երաշխավորված է համապատասխան օրենքով, և ՀՀ կառավարությունը կատարում է իր պարտավորությունը. ֆինանսավորման երաշխավորված ավելացումը կշարունակվի նաև հաջորդ տարիներին»,-նշել է Արմեն Աշոտյանը` հավելելով, որ նախարարությունը մշակել է  երիտասարդական գիտական ներուժի զարգացման և հզորացման նախագիծ, որը ներկայումս շրջանառվում է և վերջինիս ընդունվելու դեպքում երիտասարդ գիտնականների աջակցության համար կգործեն նոր իրավական երաշխիքներ: «Խնդիրը միայն գիտական հետազոտությունների խրախուսման մեջ չէ. երիտասարդ գիտնականը նաև կարիք ունի սոցիալական ծառայությունների երաշխիքների նոր փաթեթի: Իհարկե, վերջին շրջանում երիտասարդ գիտնականների համար մի շարք սոցիալական ծրագրեր են իրականացվել, այդ թվում` բնակարանաշինության և այլն, սակայն նոր փաթեթի անհրաժեշտությունն առկա է: Այս հարցում մեր լավատեսությունը հիմնված է այն գիտակցման վրա, որ երիտասարդներին հզորացնելու հրամայականը բխում է մեր երկրի ազգային ռազմավարական շահերից: Անցած տարիները փաստում են, որ մենք զուսպ ենք մեր խոստումների, բայց կարգապահ` դրանց իրականացման մեջ: Միայն պետությունը չի կարող կրել ֆինանսավորման ողջ բեռը. մենք արժևորում ենք մասնավոր և հասարակական հատվածի հետ համագործակցությունը, և հույս ունենք, որ օրինակը վարակիչ կլինի բիզնեսի ներկայացուցիչների համար` երիտասարդ գիտնականներին համակարգված օգնության ցուցաբերման հարցում»,-ընդգծել է նախարարը` հավելելով, որ կարևոր է նաև, որ գիտնականները գիտամանկավարժական գործունեությամբ իրենց փորձը փոխանցեն` դասավանդելով Հայաստանի պետական բուհերում: Բացի այդ, ըստ Արմեն Աշոտյանի, փոփոխություններ են նախատեսվում բուհերի ֆինանսավորման համակարգում, որին անցնելու պարագայում կգործի գիտության հատկացումների որոշակի նվազագույն շեմ:
Մրցույթի արդյունքում գիտական հետազոտությունների իրականացման համար ասպիրանտներին տրամադրվել են հետևյալ դրամաշնորհները.
-    մինչև 1500000 ՀՀ դրամ մեկամյա անհատական աջակցություն՝ պետական պատվերով առկա (բացի ուսուցման երրորդ տարվա) և հեռակա ուսուցման ասպիրանտներին,
-    մինչև 1125000  ՀՀ դրամ իննամսյա (2013 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը) անհատական աջակցություն՝ պետական պատվերով առկա ուսուցման երրորդ տարվա ասպիրանտներին:
Մրցույթին մասնակցելու համար ստացվել էր 51 հայտ: Տեխնիկական ստուգման պահանջներին համապատասխանող հայտերը տրամադրվել են մասնագիտական փորձագիտական խորհրդին գիտական փորձաքննություն իրականացնելու համար: Գիտական փորձաքննության ժամանակ գնահատվում է հայտի գիտական և գիտատեխնիկական նորույթը և արդիականությունը, գիտական թեմայի իրականացման նախադրյալները, փուլերը և ժամկետները, պահանջվող ֆինանսական միջոցների հիմնավորվածությունը և գիտության տվյալ բնագավառի առանձնահատկություններից բխող այլ հարցեր:
Գիտական փորձաքննությանան հիման վրա էլ կազմվել է գիտական թեմաների նախնական վարկանիշային ցանկը:
Վարկանիշային ցանկի արդյունքներով ֆինանսավորման է երաշխավորվել 25 թեմա. հրավերով նախապես հայտարարված 20-ի փոխարեն (Գիտության պետական կոմիտեն 5-ով ավելացրել է դրամաշնորհների թիվը` hաշվի առնելով «2013 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում գիտության մասով ֆինանսական ծավալների աճը):  25 թեմաներից 20-ն իրականացվելու է Գիտության պետական կոմիտեի, 2-ը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, 3-ը՝ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ընդ որում, «Բարեպաշտ սերունդ» և Հայաստանի երիտասարդական հիմնադրամներն ասպիրանտներին դրամաշնորհներ տրամադրում են իրենց հայեցողությամբ՝ թեմաներն ընտրելով մրցույթի վարկանիշային ցանկի շեմային պայմանը հաղթահարած ցանկից: 3
Ընտրված թեմաների մեծ մասը՝  17-ը,  բնական գիտությունների բնագավառից են, 5-ը ներկայացնում են  ճարտարագիտություն եւ տեխնոլոգիա, 2-ը՝ հասարակական գիտություններ, 1-ը՝ հայագիտություն եւ հումանիտար գիտություններ բնագավառները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։