Ամփոփվել է «Դպրոցի արտաքին տեսքի ամանորյա ձևավորում» մրցույթը

2013-02-08

Կրթության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից հայտարարված «Դպրոցի արտաքին տեսքի ամանորյա ձևավորում» մրցույթի ամփոփման երկրորդ փուլը և հանդիսավոր մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի են դարձել այն դպրոցների անունները, որոնց աշխատանքները ճանաչվել են լավագույնը: Միջոցառմանը ներկա ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ով, կարևորելով համատեղ նախաձեռնությունը, նշել է, որ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցված աշխատանքը նպաստում է դպրոցներում դաստիարակության գործընթացի կազմակերպմանը: 
«Շատ կարևոր է դպրոցի կապը հասարակական կազմակերպությունների, ծնողական համայնքի, տեղական ինքանկառավարման մարմինների և այլ կառույցների հետ: Նախարարությունն առաջնորդվում է բաց քաղաքականությամբ և ողջունում է հանրային հատվածի կողմից ներկայացված ցանկացած առաջարկություն: Այս միտումը շարունակական  է, մենք համոզված ենք, որ նոր սերնդի դպրոց ունենալու միակ ճանապարհը հենց դա է»,- նշել է Մ. Մկրտչյանը:  Նախարարի տեղակալը շեշտել է,  որ ՀՀ ԿԳՆ և «Dasaran.am» կրթական ծրագրի համագործակցությունն արդյունավետ է, և այս հաջողված օրինակի արդյունքներն ակնհայտ են, ինչպես կրթական գերատեսչության, այնպես էլ ծնողի, աշակերտի և մանկավարժի համար:
«Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը նշել է, որ  մրցույթին մասնակցել են ցանցում ընդգրկված 168 դպրոցներ` ներկայացնելով դպրոցի արտաքին տեսքի ամանորյա ձևավորման աշխատանքներ: Այդ նպատակով ձևավորվել են դպրոցական խմբեր`բաղկացած աշակերտներից, մանկավարժներից և ծնողներից, ովքեր իրենց աշխատանքների լուսանկարները տեղադրել են Dasaran.am կայքում: Արդյունքների ամփոփման ընթացքում հատուկ կարևորվել է խմբային աշխատանքը, մասնավորապես, աշակերտների կողմից ներկայացված ձեռքի աշխատանքները: Լավագույնը ճանաչված դպրոցները ստացել են համակարգիչներ և գրադարաններ: Մրցույթի արդյունքում Երևանի թիվ 142, Չարենցավանի Մաշտոցի անվան ավագ, Դիլիջանի թիվ 4 և Ալավերդու թիվ 12 դպրոցները ստացել են համակարգիչ, իսկ յուրօրինակ ձևավորմամբ հանդես եկած 4 դպրոցներ (Երևանի թիվ 118, Գավառի թիվ 8, Գուգարքի թիվ 2, Գյումրիի թիվ 1)՝ գրադարան: Ակտիվ մասնակցություն ցուցաբերած ևս 10 դպրոցներ խրախուսվել են  պատվոգրերով :

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։