«Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից»

2013-02-05

Ծաղկաձորում այսօր մեկնարկել է Հարավային Կովկասի երիտասարդական խորհրդարանի երրորդ նստաշրջանը, որը կազմակերպվել էր Եվրոպական Միության օժանդակությամբ իրականացվող «Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից» ծրագրի շրջանակում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Ալուդա Գոգլիչիձեն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ինչպես նաև աշակերտներ Հայաստանից և Վրաստանից:
Ողջունելով նստաշրջանի մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ վերոնշյալ ծրագիրը Հարավային Կովկասի երիտասարդ սերնդին հնարավորություն է տալիս ժողովրդավարությանը ծանոթանալ ոչ թե գրքերից, այլ սեփական փորձով և մասնակցությամբ: «Ձեզանից սկսվում է ոչ միայն ժողովրդավարությունը, այլ նաև հայրենասիրությունը: 21-րդ դարում կարելի է հավասարության նշան դնել հայրենասիրության և ժողովրդավարության միջև, քանի որ առանց ժողովրդավարության` չի կարող լինել ուժեղ պետություն: Եթե նախկինում ժողովրդավարություն հասկացությունը ենթադրում էր հավասար լինելու իրավունքներ, ապա այսօր` հավասար իրավունքներ` տարբեր լինելու համար»,-ընդգծել է նախարարը` կարևորելով ծրագրին Հայաստանի մասնակցությունը: Ըստ Արմեն Աշոտյանի` մեր երկիրը վստահ քայլերով շարժվում է դեպի ժողովրդավարություն, և այս ծրագիրը դրա երաշխիքներից է:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան իր հերթին նշել է, որ Եվրոպական միությունը ողջունում է նշված ծրագիրը: «Ժողովրդավարությունն առաջին հերթին ուժեղ պետության երաշխիքն է, իսկ այս ծրագիրը Հարավային Կովկասի երկրներում ժողովրդավարության զարգացմանը միտված ծրագիր է, իսկ նման միջոցառումները միշտ խրախուսվում են Եվրամիության կողմից»,-շեշտել է ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը նշել է, որ ծրագիրը կամփոփի արդյունքներն ապրիլին: «Մինչ ծրագրի մեկնարկը` «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը և Եվրոպայի խորհուրդը Երևանի, Թբիլիսիի և Բաքվի քաղաքական դասընթացների դպրոցների հետ անցկացրեց քննարկումներ, որոնցում շեշտվում էր այն հանգամանքը, որ ժողովրդավարության մասին գիտելիքները երեխաներին պետք է փոխանցել հենց դպրոցից»,-նշել է Ա. Զաքարյանը:
Նստաշրջանի ավարտին աշակերտները կընդունեն Միացյալ Հռչակագիր` հետագայում այն Բրյուսելում ընտրված պատվիրակների կողմից Եվրոպական խորհրդարանին հանձնելու նպատակով:
«Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից» ծրագիրը, որն ընդգրկում է Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, իրականացնում են գերմանական «Կոնրադ Ադենաուեր», հոլանդական «Էդուարդո Ֆրեյ» հիմնադրամները, Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը, Քաղաքական դասընթացների թբիլիսյան դպրոցը և քաղաքական դասընթացների Բաքվի դպրոցը: Ծրագրի շնորհիվ Հարավային Կովկասի ուսուցիչները ծանոթանում են ուսուցման ժամանակակից մեթոդներին, իսկ աշակերտները` հնարավորություն ստանում սեփական փորձով զգալ ժողովրդավարության գործնական դրսևորումները: Ծրագրի բյուջեն կազմում է 1,88 միլիոն եվրո:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։