Ռազմահայրենասիրական կրթությունը՝ ժամանակի մարտահրավեր
2013-01-26
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ ԵՊՀ-ում հրավիրված հաշվետու խորհրդակցությանը, որին մասնակցում էին նաև ոստիկանության, սպորտի և երիտասարդությոն հարցերի ու մշակույթի ոլորտի պատասխանատուները: Հանդիպման ընթացքում ամփոփվել են անցնող՝ 2012 թվականի ընթացքում ռազմահայրենասիրական կրթության և դաստիարակության ուղղությամբ գերատեսչությունների կողմից կատարած համատեղ աշխատանքները:
Իր խոսքում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շեշտել է, որ կրթության համակարգը այն կարևորագույն խողովակն է, որտեղ ռազմահայրենասիրական կրթությունը դառնում է իրողություն:
«Ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրը կրթության համակարգում գնալով ավելի արդիական է դառնում, քանի որ նորագույն ժամանակներում պատերազմներն ընթանում են ոչ միայն զենքի, այլև գիտելիքի օգտագործմամբ: Մեր օրերում, երբ արտաքին տեղեկատվական և մշակութային հոսքերի ամենօրա հարձակումները հասարակական մարտահրավեր են դարձել, կրկնակի կարևորություն է ստանում երիտասարդ սերնդի կողմից գիտելիքների ու արժեքների համադրումը, որը կարող է պետության համար ռազմավարական նպատակ դառնալ: Շատ կարևոր է, որ Հայաստանի երիտասարդ սերունդն իր մեջ կրի պետական և ազգային շահի արժեհամակարգը: Համոզված եմ՝ մեր հարուստ պատմությունն ու մշակույթը հայ երիտասարդին դաստիարակելու լավագույն պարարտ հողն են»,- իր խոսքում նշել է Ա. Աշոտյանը: Այնուհետև ներկայցվել են գերատեսչությունների կողմից նախորդ տարվա ընթացքում ոլորտում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
Խորհրդակցության ավարտին ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության, պաշտպանության և ոստիկանության ոլորտների մի շարք ներկայացուցիչներ արժանացել են գերատեսչական պարգևների:












