Հիմք է ընդունվել Հայաստանում կրթական բարեփոխումների հաջողված պատմությունը

2013-01-22

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քերըն Հիլլարդին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համատեղ ծրագրերն ու համագործակցության նոր հնարավորությունները: Տիկին Քերըն Հիլլարդը նշել է, որ հաստատվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաջիկա 5 տարիների գործունեության ծրագիրը, որը, հիմք ընդունելով Հայաստանում կրթական բարեփոխումների  հաջողված պատմությունը, նախատեսում է շարունակել կրթական ոլորտի համագործակցությունը՝  ներառելով նոր ուղղություններ:
Շեշտելով, որ  ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանի կրթական համակարգի կարևոր գործընկերներից է, նախարարը կարևորել աշխատաշուկայի զարգացմանը միտված համատեղ կրթական ծրագրերի իրականացումը: Փոխադարձ համագործակցության համատեքստում անդրադարձ է կատարվել ինչպես ընթացքի մեջ գտնվող ծրագրերի, այնպես էլ նոր ծրագրերի մեկնարկին: ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կարևորել է հատկապես համագործակցությունը բարձրագույն կրթության և միջհամալսարանական կապերի ամրապնդման ոլորտում: Որպես այս ոլորտում համագործակցության հաջողված  օրինակ՝ նշվել է Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիայի հիմնումը: Անդրադարձ է կատարվել նաև կրկնակի դիպլոմների,  որակավորումների  փոխճանաչման  և ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունների միջազգային հավատարմագրման խնդրին:  Նշելով, որ Հայաստանը ներգրավված է Եվրոպական կրթական տարածքում, նախարարը միաժամանակ կարևորել է ամերիկյան  կրթական ծրագրերով հավատարմագրումը, որը լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի կրթական ծառայությունների որակի բարելավման համար ու կնպաստի համակարգի  միջազգայնացմանը: Նշվել է, որ հեռանկարային ուղղությունները կարող են հստակեցվել մասնագիտական ուսումնասիրության արդյունքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության ծրագրերին վերաբերող աշխատանքային տարբեր հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։