ՀՀ-ում ԻԻՀ դեսպան. խիստ նվազել են իրանցի ուսանողների դժգոհությունները

2013-01-24

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ երկու երկրների համագործակցության հարթակում կրթությունը և գիտությունը կարևոր տեղ են զբաղեցնում և հարևան ժողովուրդների հարաբերությունների սերտացման և միմյանց ավելի ճանաչելի դառնալու համատեքստում լավագույն միջոցներն են: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ԻԻՀ կատարած այցի ընթացքում տպավորվել է պետության` կրթության և գիտության բնագավառին հատկացված ներդրումների ծավալներով: 
Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ հայկական կողմը շահագրգիռ է հայկական բուհերում իրանցի ուսանողների թվի ավելացմամբ` այդ համատեքստում նշելով, որ երկրի իշխանությունների և անձամբ ՀՀ Նախագահի ուշադրության կենտրոնում է օտարերկրյա ուսանողների համար համապատասխան պայմանների ստեղծման գործընթացը` վերջիններիս տրամադրելու որակյալ և մատչելի կրթություն: Մուհամմադ Ռեիսին իր հերթին նշել է, որ Իրանը մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը: Պարոն դեսպանը տեղեկացրել է, որ վերջերս Մատենադարանում կազմակերպվել է համաժողով` «Երկու մշակույթ, երկու ժողովուրդ և երկու կրոն» խորագրով, որին մասնակցել են նաև հյուրեր` ԻԻՀ Նախագահի աշխատակազմից: Մուհամմադ Ռեիսին արձանագրել է, որ վերջին շրջանում իրանցի ուսանողների դժգոհությունների բացակայությունը վկայում են, որ Հայաստանի բուհական ոլորտում իրականացվում է լուրջ  և հետևողական աշխատանք և շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանությունների` իրանցի ուսանողներին օժանդակելու և նրանց խնդիրներին լավագույնս արձագանքելու համար: Պարոն դեսպանը նաև հայտնել է, որ Իրանը պատրաստակամ է գիտական պատվիրակությունների փոխանակում իրականացնել` գիտության և տեխնիկայի բնագավառում արձանագրված  ձեռքբերումները բարեկամ երկրի` Հայաստանի կետ կիսելու, ինչպես նաև ուսանողների փոխանակում իրականացնելու համար:
Արձագանքելով դեսպանի առաջարկներին` նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ, իսկապես, վերջին տարիներին բուհական ոլորտում իրականացվել է հսկայական աշխատանք, մասնավորապես, օտարերկրյա ուսանողների ավարտական փաստաթուղթ ստանալու գործընթացում սահմանվել են խիստ չափանիշներ` հաշվի առնելով ժամանակին հնչած մի շարք ահազանգեր, որոնք այսօր, ըստ նախարարի, իրենց լուծումն են գտել. «Խնդիրներ միշտ էլ կան, սակայն դրանք այլևս կրում են ոչ թե համակարգային, այլ կոնկրետ և հիմնականում տեխնիկական բնույթ, որոնց ևս, համոզված եմ, պետք է արժանի ուշադրություն դարձվի»,-նշել է նախարարը` անդրադառնալով նաև օտարեկրյա ուսանողների` ատենախոսությունների պաշտպանության հարցերին և ընդգծել, որ ատենախոսությունը պետք է արտահայտի կրթության որակի և գիտական աշխատանքի արժեքի իրական գնահատականը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հանրապետության մի շարք ավագ դպրոցներում պարսկերեն լեզվի ուսուցման ծրագիր իրականացնելու և այդ համատեքստում համապատասխան դասագրքերի և ուսուցիչների վերապատրաստում իրականացնելու անհարաժեշտությանը: Կողմերը քննարկել են նաև Հայաստանի տարածքում Իրանի Շարիֆ արդյունաբերական համալսարանի մասնաճյուղ կամ նշված համալսարանի հետ կրկնակի դիպլոմների իրականացման կրթական ծրագրի հնարավորությունը, որը, ըստ նախարարի, կապահովի նաև  ուսանողների շարժունության խնդիրը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։