Նախարարն ընդունել է Հայաստանում ԵԽ Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցչին

2013-01-21

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին: Ողջունելով հյուրին` նախարարը վստահություն է հայտնել, որ կրթության և գիտության ոլորտում Հայաստանի և Եվրոպայի Խորհրդի համագործակցությունը հետայսու ևս արդյունավետ ընթացք կունենա: Արմեն Աշոտյանը կարևորել է Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը` նշելով, որ վերջինս հանդիսանում է նախարարության հիմնական գործընկերներից մեկը, մասնավորապես, բարձրագույն կրթության  ոլորտում իրականացվող բարեփոխումների և Բոլոնիայի գործընթացի համատեքստում Որակավորումների ազգային շրջանակի ներդրման գործընթացներում:
ԵԽ Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցիչը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի արդյունքում երկու կողմերի համագործակցության դաշտում կրթության ոլորտը կմնա որպես գերակա ուղղություն: Օլեքսանդր Պավլյուկը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կգործադրի՝ աջակցելու 2012-2014թթ. Հայաստան-Եվրախորհուրդ գործողությունների պլանում կրթական ծրագրերն արդյունավետ կյանքի կոչելու համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի` Բոլոնիայի նախագահության քարտուղարության ստանձնման, «Բարձրագույն  և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և ֆինանսավորման մեխանիզմների, ինչպես նաև հատուկ դպրոցներում մշտադիտարկում իրականացնող հասարակական խմբի աշխատանքներին:
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են նաև մայիսին մեկնարկող Եվրոպայի Խորհրդում ՀՀ նախագահության ընթացքում արդյունավետ համագործակցության ապահովումը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։