Նախագահը խորհրդակցություն է անցկացրել՝ՀՀ կրթության և գիտության նախարարի, պետական բուհերի ռեկտորների մասնակցությամբ
2013-01-16
Ռեկտորների խորհրդի նախագահ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է խորհրդում քննարկված՝ պետական բոլոր բուհերի համար ընդհանրական խնդիրները, դրանց լուծմանն ուղղված առաջարկները, որոնք որոշ դեպքերում պահանջում են պետական աջակցություն:
Ընդհանրական բնույթի խնդիրների շարքում բուհերի ռեկտորները Նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել են կրթական օրենսգրքի ընդունման անհրաժեշտության հարցը: Ռեկտորների համոզմամբ, դա թույլ կտա կրթական ոլորտում գործունեություն ծավալող օբյեկտների և սուբյեկտների համար օրենսդրական դաշտը դարձնել միասնական և համընդհանուր՝ միաժամանակ մեկ օրենսգրքի մեջ միավորելով ոլորտը կարգավորող բոլոր օրենքներն ու իրավական այլ փաստաթղթերը: Հարցը համակողմանիորեն քննարկելու նպատակով, Հանրապետության ղեկավարը հանձնարարել է ստեղծել փորձագիտական խումբ՝ օրենսդրական հարցերի քննարկումներին ներգրավվելով նաև ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովի ներկայացուցիչներին:
Հանդիպման մասնակիցները, բարձրագույն կրթական հաստատությունների առջև ծառացած կարևոր խնդիրների շարքում, առանձնացրել են մասնագիտական որակյալ կադրերի երիտասարդացման, գիտակրթական հաստատություններում սերնդափոխության խնդիրները և որոշ մասնագիտությունների գծով կադրերի պակասը: Նախագահ Սերժ Սարգսյանի հետ նրանք խոսել են նաև պետական բուհերի կարգավիճակի, որակյալ կրթության ապահովմանն ուղղված պետական որոշ միջոցառումների իրականացման հնարավորությունների մասին:
Բարձրացված խնդիրներն ու առաջարկությունները, ի լրումն խորհրդակցության ժամանակ Հանրապետության նախագահի կողմից տրված հանձնարարականների, կամփոփվեն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:












