Հայաստանում է Որակի ապահովման եվրոպական ցանցի նախագահ Ախիմ Հոփբախը

2013-01-16

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Որակի ապահովման եվրոպական ցանցի նախագահ Ախիմ Հոփբախին: Հանդիպմանը մասնակցել է նաև ‹‹Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն›› հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Որակի ապահովման եվրոպական ցանցին ՈԱԱԿ-ի լիիրավ անդամակցության հարցը:
Ա. Աշոտյանը կրթության որակի ապահովման նկատմամբ ՀՀ կառավարության որդեգրած հետևողական քաղաքականության համատեքստում ընդգծել է Հայաստանում մասնագիտական ասոցիացիաների ձևավորման կարևորությունը և որակի ապահովման և Որակավորումների ազգային շրջանակի մշակման գործընթացներում վերջիններիս մասնակցությունը:Որակի ապահովման եվրոպական ցանցի նախագահ Ա. Հոփբախը նշել է, որ ծանոթանալով ՈԱԱԿ-ի գործունեությանը և մշակված փաստաթղթերին՝ կարող է արձանագրել, որ արդեն զգալի աշխատանք է կատարվել կրթության որակի ապահովման ոլորտում: Պարոն Հոփբախը ընդգծել է, որ հաշվի առնելով ընդգծված աշխատանքը՝ ՈԱԱԿ-ը լիիրավ անդամակցության նպատակով կարող է դիմել եվրոպական ցանցին՝ անցնելով համապատասխան հավատարմագրման գործընթաց: Ա. Հոփբախը կարևորել է նաև  որակի ապահովման ազգային կենտրոնի դերը միջազգային հավատարմագրման գործընթացներում՝ որպես ազգային չափորոշիչների համապատասխանությունն ապահովող կառույց:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում գործող Ուսանողների ասոցիացիայի գործունեությանը: Ներկաներն ընդգծել են, որ հաշվի առնելով ուսանողների մասնակցության անհրաժեշտությունը որակի ապահովման գործընթացներում՝ վերջիններս ներգրավվում են արտաքին գնահատման նպատակով ձևավորված փորձագիտական, ինչպես նաև հաստատություններում ինքնավերլուծություն իրականացնող խմբերում: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։