Ախալքալաքի երիտասարդական կենտրոնը 5 տարեկան է

2012-12-26

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորել է Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի հիմնադրման 5–ամյակը: Ընդգծելով կենտրոնի կարևոր առաքելությունը Ջավախքի հայապահպանության և մշակութային կյանքում` նախարարը, մասնավորապես, նշել է. «Կենտրոնի հիմնումը և գործունեությունն իսկապես դարձան շրջադարձային իրադարձություն ջավախահայ երիտասարդների կյանքում:
 Կրթամշակութային այս օջախը, իր բազմաոլորտ, ընդգրկուն և հանրամատչելի ծրագրերով, իսկապես մղում է հայ մանուկին, պատանուն և երիտասարդին` ոչ միայն հաղորդակցվելու իր ազգի պատմությանը, մշակույթին, այլև ամրապնդելու իր մեջ այդ ամենն ու ի պահ տալու հետագա սերունդներին:Այսպիսով, Ախալքալաքի երիտասարդական կենտրոնը, իր ուժերի ներածին չափով, մասնակցում է Ջավախքում հայկական շարունակականությունը հավերժություն մղելու սուրբ գործին»:  ՀՀ ԿԳ նախարարը շեշտել է, որ խնդիրները, որոնք առկա են Ջավախքում՝ կապված հայեցի կրթության և ազգային դիմագծի պահպանման հետ, առավել արդյունավետ գործունեություն են պահանջում: «Կենտրոնի սիրելի սաներ, ես լավագույնս տեղյակ եմ բոլոր այն հիմնահարցերին, որոնք առկա են Ջավախքում, հատկապես կրթամշակութային ոլորտում: Սակայն գիտեմ, որ դուք, ուսումնասիրելով ու խորությամբ յուրացնելով ձեր մայրենի լեզուն և պատմությունը, ձեր հազարամյա մշակույթը, երբեք չեք կորցնի ձեր հայեցի դիմագիծը, ձեր հայաշեն ու հայրենաշեն վարքը, երբեք չեք ընկճվի և պատվով կիրականացնեք այն առաքելությունը, որը դրված է ի վերուստ ձեզ վրա»,- նշել է նախարար Ա. Աշոտյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։