Վարկանիշավորումը` ախտորոշիչ գործընթաց
2012-12-25
Վիվա Սել-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, անդրադառնալով վարկանիշավորման համակարգերին, նշել է, որ գործարար ոլորտի համար դա նշանակում է, որ կրթական ոլորտը կդառնա ավելի տեսանելի և թափանցիկ: «Վարկանիշավորումը Արևմուտքում կարևոր գործընթաց է, որն առաջին անգամ կկիրառվի նաև մեր երկրում: Այն խոշոր ընկերություններին թույլ կտա հասկանալ, թե իրականում ինչ մակարդակ է տիրում կրթության, հատկապես բարձրագույն կրթության ոլորտում: Մենք հավատում ենք, որ երկրի զարգացման, տնտեսական մրցունակության մակարդակի բարձրացման նպատակով ուշադրությունը նախևառաջ պետք է սևեռվի կրթական ոլորտին: Սա է պատճառը, որ Վիվա Սել-ՄՏՍ-ը վճռական կանգնած է կրթության ոլորտի կողքին և աջակցություն է ցուցաբերում այն բոլոր ծրագրերին, որոնք ուղղակիորեն և անուղղակիորեն օժանդակում են այն գաղափարին, որ մրցունակության մակարդակը մեր երկրում ավելի է բարձրանում, որն էլ իր հերթին երկրի զարգացման ընթացքն առաջ կտանի ավելի արագ քայլերով»:
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ազգային վարկանիշավորման համակարգը (մեթոդաբանություն, ցուցանիշներ, հաշվարկի մեխանիզմ) ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, իսկ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգը (մեթոդաբանություն, ցուցանիշներ, հաշվարկի մեխանիզմ)` ՀՀ կրթության և գիտության նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը:
Շնորհանդեսի ընթացքում լրագրողները հարցեր են ուղղել հիմնական բանախոսներին, մասնավորապես, լրագրողներին հետաքրքրել է, թե որ կազմակերպություններն են իրականացնելու վարկանիշավորումը և արդյոք գործընթացում առկա չեն կոռուպցիոն ռիսկեր: Հարցին ի պատասխան` նախարարը նշել է, որ 2013 թվականին իրականացվելիք փորձնական վարկանիշավորման պատասխանատու մարմինը կհանդիսանա ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` որպես մեթոդաբանության հեղինակ և քաղաքականության պատասխանատու: «Տարվա ընթացքում լրամշակելով նախագիծը` նախարարության ձեռքը կպահենք գործընթացի զարկերակին: Արդեն մեկ-երկու տարի հետո խնդիրը կարող ենք հանրային քննարկման դնել և թափանցիկ կերպով ընտրել ամենապրոֆեսիոնալ և ամենաարժանավատ այն կազմակերպությանը, որն ամենից շատ կվայելի հասարակության վստահությունը: Կարծում եմ` այս գործընթացում հանրային սեկտորն անփոխարինելի է: Անդրադառնալով կոռուպցիոն ռիսկերին` նշեմ, որ նախարարությունը փորձել է հաշվելի և չափելի դարձնել գնահատման ողջ համախումբը և վարկանիշավորման ելքի վրա մարդկային գործոնի ռիսկը հասցնել նվազագույնի»,-նշել է նախարարը` հավելելով, որ բուհերի պարագայում հատկապես վարկանիշավորումը կխթանի մրցունակության բարձրացմանը:
Շնորհանդեսի ավարտին կողմերը հայտնել են, որ հաջորդ տարեսկզբին նախատեսվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Վիվա Սել-ՄՏՍ ընկերության միջև կնքել 2013 թվականի համար համագործակցության հուշագիր, որտեղ, ըստ բանախոսների, կպահպանվեն հին գերակայությունները և սկիզբ կդրվեն նոր ուղղությունների:












