Ա. Աշոտյան. «Գլաձորը» Հայաստանի լավագույն համալսարաններից մեկն է
2012-12-24
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է «Գլաձոր» համալսարան և հանդիպել բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության հետ: Ողջունելով ներկաներին` նախարարը նշել է, որ «Գլաձոր» համալսարանը, տարեցտարի ընդլայնելով իր հնարավորությունների շրջանակը, ստեղծում է առավել նպաստավոր պայմաններ իր մանկավարժների և ուսանողների համար: «Բուհի հետագա զարգացման գործում կատարված ներդրումները և արձանագրված հաջողություններն ապացույցն են այն իրողության, որ «Գլաձորը» Հայաստանի բուհական համակարգի և, առհասարակ, ոչ պետական բուհերի շարքում լավագույններից մեկն է:
Եվ այս իրողությունը հնարավոր է դարձել` բուհի ղեկավարի, վարչական և դասախոսական կազմի շնորհիվ և ուսանողների վստահության` առ այս կրթօջախ: Ուրախալի է, որ ոչ մի ուսանող չի զղջացել ժամանակին կատարած իր ընտրության համար, որովհետև բուհի լավագույն գովազդն իր շրջանավարտներն են»,-նշել է Արմեն Աշոտյանը` հավելելով, որ իրականացված փոփոխությունների վերջնական նպատակը կրթության որակի բարելավումն է: «Իհարկե, այսօր մեր բարձրագույն կրթության համակարգի առջև կանգնած են բազում մարտահրավերներ, որոնք անընդհատ պետք է ճեղքել, սակայն, վստահ եմ, որ ոչինչ չի կարող ստվերել արձանագրված հաջողությունները: «Գլաձորն» այս տարիների ընթացքում պատվով է հաղթահարել այդ խնդիրները. եթե մենք չկարողանանք ըստ արժանվույն գնահատել մեր ձեռքբերումները, ապա նոր բարձունքներ գրավելու մասին երազել անգամ չենք կարող. մարդ պետք է նաև վայելի իր հաջողության բերկրանքը»,-դիմելով ներկաներին` ընդգծել է նախարարը և հույս հայտնել, որ հետայսու ևս «Գլաձոր» համալսարանը նախարարության հետ համատեղ պատրաստ է կրել հետագա գործողությունների ողջ բեռն ու պատասխանատվությունը և ապացուցել, որ ունակ է ինքնուրույն որևէ բան ստեղծել:
Բուհի ռեկտոր Ժորա Ջհանգիրանը բուհի անձնակազմի անունից շնորհակալություն է հայտնել նախարարությանը և անձամբ նախարարին` բուհին աջակցելու համար:
Հանդիպման ընթացքում բուհի ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմը հարցեր են ուղղել նախարարին, որոնք, մասնավորապես, վերաբերել են ոչ պետական բուհերի` պետբյուջեից ֆինասնավորման հնարավորության և ընդունելության քննությունների շեմի իջեցման խնդիրներին:
Նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է նաև բուհում նիստերի նոր սրահի բացման արարողությանը: