Ցուցահանդես՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված

2012-12-24

Հայաստանի նկարիչների միությունում այսօր տեղի է ունեցել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի  հիմնադրման 90-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին նախարարը շեշտել է, որ մանկավարժական համալսարանը Հայաստանի կարևոր մշակութային կրթության կենտրոններից է: «Մենք այսօր շատ ենք խոսում գիտելիքի արժևորման, գիտելիքահեն հասարակության մասին:
Գիտելիքը, եթե չի հիմնվում արժեքների վրա, մերկ է և բոբիկ: Իսկ արժեքը ստեղծվում է մշակութային և հոգևոր գործունեության շնորհիվ: Մշակույթը և կրթությունը նույն շքանշանի տարբեր կողմերն են: Դժվար է տարանջատել գիտելիքն ու արժեքը, մշակույթն ու կրթությունը՝ դրանք փոխլրացնում են միմյանց»,- մասնավորոպես նշել է նախարար Ա. Աշոտյանը: Ցուցահանդեսի բացմանը  ողջույնի խոսք է ասել նաև ժողովրդական նկաիրչ Լևոն Կոջոյանը՝ շեշտելով, որ  ավանդույթները պահպանելը՝ աշակերտի կողմից  վարպետի  գործը շարունակելը կարևոր առաքելություն է: «Մեր երկիրը հարուստ է տաղանդավոր երիտասարդներով, աշխատեք, ստեղծեք և արարեք. դա մեր հարստությունն է»,- նշել է վարպետը:  Ցուցահանդեսում ներկայացվել են Մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի նկարչական բաժնի հիմնադիրների, դասախոսների, շրջանավարտների եւ ուսանողների աշխատանքները: Ցուցահանդեսի երկու հարկաբաժիններում  ներկայացվել է գեղանկար, գրաֆիկա, քանդակ, գոբելեն, դեկորատիվ կիրառական արվեստի, հոգուստի մոդելավորման, դիզայնի, խեցեգործության նմուշներ, փայտյա իրեր և մետաղյա զարդեր՝  ընդհանուր առմամբ մոտ 300 աշխատանք: Ի թիվս աշխատանքների՝ ներկայացված են հայտնի նկարիչներ Լևոն Կոջոյանի,  Կարապետ Մինասյանի, Հովհաննես Զարդարյանի, Ղուկաս Չուբարյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Հովհաննես Հարությունյանի, Վահրամ Խաչիկյանի, Սուրեն Սաֆարյանի, Տիգրան Սիմոնյանի ստեղծագործությունները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։