Կայացել է ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի ամփոփիչ նիստը

2012-12-24

Կայացել է ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի նիստը, որը վարել է կոլեգիայի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Կոլեգիայի օրակարգում ընդգրկված էր երկու հարց` ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ազգային վարկանիշավորման համակարգ (մեթոդաբանություն, ցուցանիշներ, հաշվարկի մեխանիզմ) և ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգ (մեթոդաբանություն, ցուցանիշներ, հաշվարկի մեխանիզմ):
Ողջունելով կոլեգիայի անդամներին` նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ այս տարի կրթության ոլորտի գերակա ուղղությունների մեջ մատնաշվել է երկու նորամուծություն` հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգերի մեթոդաբանության մշակումը:«Այս տարվա ընթացքում մշակվել է երկու գործիք, որոնք հաջորդ տարի փորձարարական եղանակով կներդվեն և միայն դրա ավարտին վերջնականապես կբանաձևևի ողջ մեթոդաբանությունը: Իրականում, սոցիալական հետաքրքրության և կարևորության հարցեր, որոնք, կարծում եմ, բուռն քննարկումների տեղիք կտան, որովհետև առաջին անգամ ներմուծվող այս գործիքները  հավակնում են ստեղծել ինչ-որ մի օբյեկտիվ հիմք` բուհերի և դպրոցների  գործունեության գնահատման համար: Նախարարությունը փորձել է ազգային վարկանիշավորման մոդելը մշակել` ելնելով միջազգային լավագույն փորձից` տեղայնացնելով այն Հայաստանում»,-նշել է նախարարը` հավելելով, որ բուհերի վարկանիշավորումը համարվում է Բոլոնիայի գործընթացի սոցիալական հարթության կարևոր դրսևորումներից մեկը` թափանցիկության և հասարակության առջև հաշվետվողականության ապահովման տեսակետից: «Նշեմ, որ հանրակրթական դպրոցների վարկանիշավորման մասով միջազգային փորձը շատ չէ. Հայաստանն այն 10-15 երկրներից մեկն է, որ հավակնում է նման գործիք ներդնել: Իրականում, նշված գործընթացը մի կողմից հավակնոտ է հնչում, մյուս կողմից` այն մի օր պետք է սկսել, անգամ սխալներով, որպեսզի  գործընթացը դուրս գա իր լավագույն կազմակերպման և բովանդակային արտահայտումների մեջ»,-ընդգծել է կոլեգիայի նախագահը:
Օրակարգի հիմնական հարցերը ներկայացրել է կոլեգիայի անդամ, ՀՀ կրթության և գիտությա նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը: Անդրադառնալով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ազգային վարկանիշավորման համակարգին` տիկին Հարությունյանը նշել է, որ թափանցիկության ապահովման կարևորագույն գործիքներից է բուհերի վարկանիշավորումը, որը համադրելի և բաց տեղեկատվություն է տրամադրում տարբեր երկրների բարձրագույն կրթական համակարգերի վերաբերյալ: «Մեկ թիրախային խմբի համար ստեղծված վարկանշային համակարգը կարող է կիրառելի չլինել մեկ այլ խմբի համար, իսկ որևէ նպատակով ստեղծված համակարգը և, հետևաբար, հաստատությունների ստացած վարկանիշները կարող են էապես տարբերվել այլ նպատակով ստեղծված համակարգից: Վարկանիշավորումը պետք է հաշվի առնի հաստատությունների բազմազանությունը, ինչպես նաև դրանց առաքելությունների և նպատակների տարբերությունը: Կարևոր է է նաև հաշվի առնել վարկանիշավորման ենթակա հաստատությունների չափը, լեզվաբանական, մշակութային, սոցիալ-տնտեսական և պատմական համատեքստերը»,-շեշտել է բանախոսը` զեկույցի ընթացքում ներկայացնելով ամփոփ տեղեկատվություն` նախատեսվող վարկանիշավորման համապատասխան ցուցանիշների և կշիռների, տվյալների հավաքագրման և մշակման, վարկանիշավորման արդյունքների, ինչպես նաև ՀՀ բուհերի վարկանիշավորման ազգային համատեքստի և մոտեցումների վերաբերյալ: Անդրադառնալով բուհերի դասակարգմանը` տիկին Հարությունյանը նշել է, որ ՀՀ բուհերի խմբավորումն իրականացվել է երկու հիմնական չափանիշներով` բուհում առկա կրթական ծրագրերը՝ բակալավրի, մագիստրոսի, հետբուհական և բուհում առկա մասնագիտական ոլորտների թիվը՝ մինչև երեք մասնագիտական ոլորտում կրթություն իրականացնող բուհեր և երեք ու ավելի մասնագիտական ոլորտներում կրթություն իրականացնող բուհեր: Որպես ՀՀ բուհերի վարկանիշավորման ուղղություններ` մատնանշվել են ուսանողներ, ուսումնառության արդյունքներ, միջազգային ուղղվածություն, գիտահետազոտական աշխատանքներ, դասավանդման/ուսումնառության  գործընթաց, հաստատության կարողություններ, աշխատանքային շուկա/զբաղվածունակություն, ընդհանուր գնահատումներ (ուսանողներ, դասախոսներ), համալսարանական շինություններ, հանրային ծառայություններ և կապեր/«կամպուս»:
Օրակարգի հաջորդ հարցը` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգ (մեթոդաբանություն, ցուցանիշներ, հաշվարկի մեխանիզմ) ևս ներկայացրել է Կ. Հարությունյանը, ով նշել է, որ դեռևս 2009 թ. ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով առաջին անգամ սահմանվել է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված կարգով իրականացվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների արտաքին գնահատում, ինչը հիմք է հանդիսանում դրանց վարկանիշավորման համար: Բացի այդ, ՀՀ հանրակրթական դպրոցների  վարկանիշավորման համակարգի մշակումը ներառված է նաև ՀՀ կառավարության 2012 թ. գերակա խնդիրների  և միջոցառումների ցանկում: «Վարկանիշավորման  նպատակն է` նպաստել հանրակրթության որակի բարելավմանը և արդյունավետության բարձրացմանը, խթանել դպրոցների մրցակցությունը` ուղղված կրթական ծառայությունների մատուցման որակի և արդյունավետության բարձրացմանը, բարձրացնել շահառուների, ինչպես նաև հասարակության իրազեկվածությունը դպրոցների կողմից մատուցվող կրթական ծառայությունների որակի, պետական չափորոշիչներին համապատասխանության և կրթական գործընթացի արդյունավետության վերաբերյալ»,-նշել է հիմնական բանախոսը` որպես վարկանիշավորման խնդիրներ ընդգծելով հուսալի, համարժեք չափանիշների և գնահատելի ցուցանիշների համախմբի մշակումը: «Հիմք ընդունելով ՀՀ հանրակրթական համակարգի կառուցվածքը և համակազմի 2010-2011 ուստարվա վիճակագրական տվյալները` առաջարկվում է դպրոցները բաժանել խմբերի հետևյալ չափանիշներով` ըստ կազմակերպաիրավական ձևի և ենթակայության` պետական և ոչ պետական, ըստ աշխարհագրական դիրքի կամ տեղակայման` քաղաքային և գյուղական, ըստ կրթական ծրագրերի աստիճանի (տիպի)` տարրական, հիմնական, միջնակարգ և ավագ, վարժարան, ըստ սովորողների թվի` մեծ, միջին և փոքր: Դպրոցների վարկանիշավորման նպատակով մշակվել են ցուցանիշների շարք և համապատասխան կշիռներ ըստ հետևյալ ուղղությունների` սովորողներ /ուսումնառության արդյունքներ /45 տոկոս կամ 0,45/, ուսուցիչներ /20 տոկոս կամ 0,2/, դպրոցի ակտիվություն /10 տոկոս կամ 0,1/, կառավարման արդյունավետություն /25 տոկոս կամ 0,25/: Յուրաքանչյուր դպրոցի համար կհաշվարկվի վերջնական վարկանիշային միավոր, սակայն վարկանիշավորման արդյունքները կհրապարակվեն ըստ դպրոցների հավաքած միավորների երեք խմբով՝ 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի դպրոցներ: Յուրաքանչյուր խմբի ցանկերը հրապարակելիս կնշվեն առաջին երեք հորիզոնականներ գրաված  դպրոցների անունները, իսկ խմբի մյուս դպրոցների ցանկերը կտրվեն այբբենական կարգով»,-իր ելույթն ամփոփել է հիմնական բանախոսը:
Զեկույցից հետո հիմնական բանախոսին ուղղվել են հարցեր: Կոլեգիայի ավարտին որոշում է կայացվել հավանության արժանացնել հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման փորձնական ծրագիրը, դիմել բոլոր շահառուներին, հասարակական կազմակերպություններին` համապատասխան առաջարկություններ և դիտողություններ ներկայացնելու համար, ինչպես նաև կազմակերպել շահագրգիռ քննարկումներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։