Մեկնարկել է եռօրյա սեմինար

2012-12-21

Ծաղկաձորի Ստեղծագործական տանն այսօր տեղի է ունեցել  «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության կողմից կազմակերպված եռօրյա սեմինարի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ծրագրում ընդգրկված  30 դպրոց-կենտրոնների տնօրեններ ՀՀ բոլոր մարզերից և  կրթության ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Ողջունելով սեմինարի մասնակիցներին՝  նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումների համատեքստում առավել կարևորվում է քաղաքացիական կառույցների և մասնագիտական հանրույթի մասնակցությունը ինչպես քաղաքականության մշակման, այնպես էլ իրականացման գործընթացում: Անդրադառնալով դպրոց-կենտրոններին՝ նախարարը նշել է, որ դրանք փորձարարարական դաշտ  են հանդիսանում ՀՀ ԿԳ նախարարության կողմից առաջարկված ծրագրերի, դասագրքերի փորձարկման, ինչպես նաև նորարարական նախաձեռնությունների  իրականացման համար: ՀՀ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը ներկայացրել է այս ընթացքում միության կատարած աշխատանքները:
Եռօրյա սեմինարի ընթացքում մասնակիցները կքննարկեն «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության փորձագետների մշակած «Դպրոցի զարգացման ծրագրի մեթոդական ուղեցույց-ձեռնարկում» ընդգրկված թեմաներն ու մեթոդաբանությունը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։