Ազդարարվեց Ընթերցման օլիմպիադայի մեկնարկը
2012-12-18
Հայ գրատպության 500-ամյակի և «Երևանը 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրերի շրջանակում, ՀՀ կրթության և գիտության և ՀՀ մշակույթի նախարարությունների, «Գրանիշ» գրական ակումբի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, Հայաստանի գրողների միության աջակցությամբ, «Անտարես» հրատարակչությունը դպրոցականների համար կազմակերպում է Ընթերցման օլիմպիադա, որի մեկնարկն են ազդարարել այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ այս տարի հայ գրատպության 500-ամյակի, Մեսրոպ Մաշտոցի 1650-ամյակի և Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու ծրագրերի համատեքեստում իրականացված միջոցառումները նպաստել են մեր հայրենակիցների, այդ թվում նաև աշակերտների համար առանձնահատուկ միջավայրի ստեղծմանը: «Այսօր ընթերցանության ճգնաժամ է ողջ աշխարհում. այն հիմնականում պայմանավորված է նրանով, որ ավանդական եղանակներից մարդիկ սկսել են անցնել ոչ ավանդական կրիչներով տեղեկատվություն և գրականություն ընթերցելուն: Ես չեմ թերագնահատում տեղեկատվական տեխնոլոգիաների կարևորությունը. ինչպես կինոն ժամանակին չսպանեց թատրոնը, թեպետ ասում էին, որ այդ օրը գալու է, հեռուստատեսությունը չսպանեց կինոն, այնպես էլ, կարծում եմ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը չի կարող ամբողջությամբ դուրս մղել ավանդական գիրքը: Մեր նպատակն է` երեխաների մոտ ձևավորել սեր դեպի ընթերցանություն, դեպի նոր գիտելիք, հոգևոր-մշակութային բովանդակություն: Իրականության մեջ զրո արժեք ունի այն գիտելիքը, որն իր մեջ չի պարունակում արժեք, եթե համապատասխան գրականությամբ չես կարող ամրապնդել քո արժեքային համակարգը: Այդ դեպքում անգամ ամենահմուտ մասնագետը չի կարող լինել լիարժեք մարդ և քաղաքացի, որովհետև առաջանում է արժեքային ճգնաժամ, որից խուսափելու համար կարևոր է, որ յուրաքանչյուրն իր կյանքում տեղ գտնի գրականության, արվեստի և մշակույթի համար: Ներկա դարաշրջանում խիստ կարևորվում է նաև կրթությունը ողջ կյանքի ընթացքում. այսօր պահանջված են ամենօրյա կրթությամբ, գիտելիքի հետ աշխատելու հմտությամբ մասնագետներ, որին պետք է հասնել նաև ընթերցանության միջոցով»,-նշել է նախարարը` հավելելով, որ օլիմպիադան կնպաստի նաև աշակերտների մոտ ընթերցանության մշակույթի ձևավորմանը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշել է, որ մրցույթը մեծ կազմակերպչական աշխատանքներ է պահանջել. «Իրականացվող միջոցառումների միջոցով գիրքը դարձել է մեր պատանի սերնդի անբաժանելի մասը: Այս ծրագրի կարևորությունը կայանում է նրանում, որ երեխաները մայրենի լեզվի իրենց իմացությամբ կարողանան ապացուցել, որ գիտելիքն օգնելու է իրենց որոշակի ձեռքբերումների և նվաճումների հասնելու»,-ընդգծել է տիկին նախարարը` ավելացնելով, որ գովելի է, որ հստակ ընտրված են մրցույթի չափորոշիչները. մրցույթի հիմքում, ըստ Հասմիկ Պողոսյանի, ընկած են մտքի գրագետ շարադրման, տեքստերի վերարտադրման կարողության, սահուն ընթերցման և գրականության լիարժեք ընկալման սկզբունքները:
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն իր հերթին նշել է, որ համաձայն է բոլոր բանախոսների հետ, որ ծրագրի հիմնական «մեխը» գիտելիքով օժտված մարդու օրինակն է շրջապատի համար: Պարոն Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ Հայաստանի գրողների միությունից, «Գրանիշ» ակումբից, գրադարաններից հրավիրվելու են գրականագետներ, գրադարանավարներ գրողներ, որպեսզի մրցույթի ընթացքում, ըստ հրատարակչության տնօրենի, անմիաջական կապ ստեղծվի գրողի և աշակերտի միջև: Ըստ Արմեն Մարտիրոսյանի` Ընթերցման օլիմպիադային իրենց մասնակցությունը կբերեն հանրապետության 1400 դպրոցների 6-րդ դասարանի աշակերտները:
Օլիմպիադան կանցկացվի երեք փուլով` դպրոցական /2012 թվականի դեկտեմբների 17-24-ը/, մարզային /2012 թվականի փետրվարի 11-25-ը/, հարնրապետական /2012 թվականի ապրիլի 22-ին/: Օլիմպիադայի մասնակիցները մինչև դեկտեմբերի 21-ը պետք է գրանցվեն www.dasaran.am կայքում: