«Գրերի գյուտից մինչև գրատպություն»

2012-12-13

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ` Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը /ՔԴԿ/ և ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը նախաձեռնել են հայ գրատպության 500-ամյակին նվիրված «Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթը, որի շրջանակներում ՀՀ հանրակրթական դպրոցներում կազմակերպվել են մրցույթի խորագրին համապատասխան միջոցառումներ:
Որպես օժանդակություն՝ ծրագրի շրջանակներում ՔԴԿ-ն պատրաստել է «Գրից մինչև գիրք» ձեռնարկը /հեղինակ՝ Մարո Խաչատրյան/, սցենարական ուղեցույց և թեմատիկ պաստառ, որոնք տրամադրվել են բոլոր դպրոցներին:
Մրցույթն անցկացվել է երեք փուլերով՝ տարածաշրջանային, մարզային, հանրապետական: Տարածաշրջանային փուլին մասնակցելու համար մրցույթին մասնակցելու պատրաստակամություն ցուցաբերած ընդհանուր առմամբ առավել քան 420 դպրոց հայտ է ներկայացրել ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուին կամ մարզային (Երևանի պարագայում՝ քաղաքային) կրթության վարչություն՝ սեպտեմբերի 10-30-ն ընկած ժամանակահատվածում: Հայտերն ամբողջացնելուց հետո կազմվել է ժամանակացույց՝ յուրաքանչյուր դպրոց այցելության հստակ օրն ու ժամը ամրագրելով և տեղեկացնելով դպրոցներին: Ըստ տարածաշրջանների ձևավորված հանձնախմբերը ժամանակացույցի համաձայն՝ հոկտեմբերի 1-նոյեմբերի 10-ն այցելել են դպրոցներ, տեղերում դիտել միջոցառումները և ըստ ՔԴԿ մշակած գնահատման չափորոշիչների՝ տարածաշրջանից ընտրել լավագույնները:
Մարզային փուլին՝ նոյեմբերի 12-15-ն /Շիրակի մարզի պարագայում՝ 7-9-ը/ ընկած ժամանակահատվածում մարզկենտրոններում ընտրված դահլիճներում ներկայացել է տարածաշրջաններում լավագույնը ճանաչված  71 դպրոց: Մարզային հանձնախմբերը յուրաքանչյուր մարզից /Երևանի պարագայում՝ երկուսը/՝ ընտրել են լավագույն մեկ միջոցառում` ներկայանալու մրցույթի հանրապետական փուլին:
Հանրապետական փուլին, որն անցկացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տանը՝ եռօրյա մրցույթ-փառատոնի ձևաչափով, ներկայացել է տասներկու դպրոց: Հանրապետական փուլի գնահատման համար ստեղծված  հանձնախումբը ներկայացված միջոցառումներից ընտրել է լավագույններին` «Լավագույն սցենար», «Լավագույն երաժշտական կատարում», «Լավագույն բեմադրություն» անվանակարգերում և գլխավոր՝ «Հայրապետական մրցանակ»-ի համար, իսկ մյուս մասնակից դպրոցների համար սահմանել խրախուսական հատուկ մրցանակներ: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։