Ծրագիր` ուղղված ժողովրդավարության և միջմշակութային երկխոսության ամրապնդմանը
2012-12-13
Հանդիպման ընթացքում ծրագրի պատասխանատուները նշել են, որ «Պատմության շարունակություն, մշակութային երկխոսություն» անվանմամբ ծրագիրը, որն իր շուրջն է համախմբել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի պատմության, մշակութային ժառանգության և քաղաքացիության կրթության բնագավառի մասնագետներին, նպատակաուղղված է մշակութային կրթության իրազեկության բարձրացմանը, հանրության շրջանում նոր ու պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը: Ծրագրի պատասխանատու Սթիվեն Սթեյջերսը հույս է հայտնել, որ ծրագրի իրականացումը կնպաստի ժողովրդավարության և միջմշակութային երկխոսության ամրապնդմանը, կայուն հիմքեր կստեղծվի ներազգային և ազգամիջյան երկխոսության զարգացման համար, ինչպես նաև կբարելավվեն մշակութային կրթության բնագավառ ներկայացուցիչների մասնագիտական կարողությունները: Սթիվեն Սթեյջերսն ընդգծել է, որ ծրագրի ընթացքում մշակութային կրթության բնագավառի մասնագետները կլոր սեղան- քննարկումների, գիտագործնական դասընթացների և միջազգային սեմինարների ժամանակ կքննարկեն մշակութային կրթության զարգացման հեռանկարները Սևծովյան տարածաշրջանում, կծանոթանան մշակութային կրթության ուսուցման բարելավմանը միտված նորարարական եղանակներին ու մեթոդներին: Ծրագրի պատասխանատուների ներկայացմամբ` նախագիծը հիմնականում ուղղված է պատմություն, քաղաքացիական կրթություն դասավանդող մասնագետներին, տարրական և միջին դպրոցի ուսուցիչներին, ԲՈՒՀ-երի դասախոսներին, ուսումնական ծրագրեր մշակողներին, դասագրքերի հեղինակներին, ինչպես նաև ուսուցիչներ վերապատրաստողներին և փորձագետ-խորհրդատուներին:
Նախատեսվում է, որ ճանաչողական այցի ընթացքում ծրագրի անդամները կայցելեն Հայաստանի հանրակրթական դպրոցներ, բուհեր, ինչպես նաև կհանդիպեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հայաստանում ծրագրի ասոցացված գործընկերներն է` Հայաստանի պատմություն դասավանդողների ասոցիացիան /AAHE/:












