Հաշվետվություն է ներկայացրել հասարակական դիտորդների խումբը

2012-12-12

Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդների խումբը, որի կազմում ընդգրկված են շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ, այսօր ներկայացրել է  կատարած աշխատանքների հաշվետվությունը: Կարևորելով հասարակական կառույցների կատարած աշխատանքը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ այն կարևոր աջակցություն է հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների խնդիրները ճիշտ ընկալելու և դրանց լուծման ուղղությամբ նպատակային և արդյունավետ քայլեր ձեռնարկելու տեսանկյունից:
 Նախարար Աշոտյանն ընդգծել է, որ ուսումնասիրությունները հատուկ դպրոցներում բացահայտել են կենցաղային բնույթի խնդիրներ, որոնք կապված են եղել շենքերի նորոգման, ջեռուցման, երեխաների կարիքներին ոչ հարմարեցված լինելու, տրանսպորտի և որակյալ մասնագետների բացակայության հետ: Բացի այդ, որպես խնդիր դիտարկվել է ոչ թիրախային խմբերի երեխաների ընդգրկումը հատուկ դպրոցներում: «Գաղտնիք չէ, որ այսօր էլ հատուկ դպրոցներում կան երեխաներ, ովքեր ճակատագրի բերումով են հայտնվել այնտեղ`սոցիալական խնդիրներից ելնելով: Երեխաներ, ովքեր չունեն որոշակի խեղում, շեղում կամ հիվանդություն, այլ իրենց ծնողները, սոցիալական պայմաններից ելնելով, բերել են նրանց հատուկ դպրոց, որպեսզի պետությունը հոգա այդ երեխաների ոչ միայն կրթության, այլև կենցաղային խնդիրներից բխող կարիքները: Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ ընտանիք ունեցող երեխան պետք է վերադառնա ընտանիք: Այլ հարց է, որ նրանց համար պետք է ապահովվեն սոցիալական նվազագույն հնարավորություններ, որպեսզի ծնողը ստիպված չլինի իր երեխայի հացը և գիշերակացն ապահովելու համար շաբաթվա հինգ-վեց օրը հանձնել հատուկ դպրոց»,- նշել է նախարարը:
Արմեն Աշոտյանի խոսքով` թեև ոչ թիրախային խմբի  նշված երեխաներին հատուկ դպրոցներում ընդգրկելը խնդիր է իրավական առումով, սակայն մյուս կողմից նման երեխաներին հատուկ դպրոցներում չընդգրկելն առաջացնում են շատ ավելի բարդ խնդիրներ.«Ցավոք, նրանք ապրում են  այնպիսի ընտանիքներում, որ այնտեղ վերադառնալով՝ հաճախ հայտնվում են փողոցում, մատնվում սովի: Նման պարագայում երեխային հատուկ դպրոցից դուրս թողնելն արդարացված մոտեցում չէ: Չի կարելի մոռանալ, որ ամեն երեխայի «հետեւում» կա ճակատագիր: Դուրս թողնելն իրավական ռեժիմի տեսանկյունից հիմնավորված է, բայց շատ ավելի կարևոր է հարցի երկրորդ կողմը՝ այլընտրանք ապահովել կյանքի ծանր պայմաններում գտնվող երեխաների համար»,- նշել է նախարար Ա. Աշոտյանը: Նախարարն ընդգծել է, որ նախարարությունը  բաց է բոլոր հասարակական կազմակերպությունների համար, նրանց  դիտարկում է կարևոր գործընկեր և  պատրաստ է համագործակցության:
ՀՀ կրթության և գիտության նախարարության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնելու հասարակական դիտորդների խումբը գործում է որպես խորհրդակցական մարմին:
Խումբը ձեւավորվել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` երեք տարի առաջ: Մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդների խմբի գործունեության նպատակներն են եղել երեխայի իրավունքների պաշտպանության հասարակական մշտադիտարկումը, հաստատություններում մարդու իրավունքների խախտումների բացահայտումը և կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։