Պարգևներ` լավագույններին
2012-12-06
Արդեն իններորդ տարին Հայ Առաքելական եկեղեցին և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում են «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» և «Բնագիտական» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն») առարկաների ուսուցիչների և դասվարների հանրապետական մրցույթ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի հանդիսությունների սրահում այսօր Նաթանե արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը պարգևատրել են մրցույթի հանրապետական փուլում հաղթած ուսուցիչներին:
Նաթանե արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, շնորհավորելով մրցանակակիրներին, նշել է, որ ուսուցչի կերպարը միշտ հարգի է եղել հայ ժողովրդի պատմության մեջ. ուսուցիչը դաստիարակող և լավագույն մարդկային արժեքների կրողն ու տարածողն է եղել:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը ևս կարևորել է ուսուցչի դերը ապագա սերունդների կրթության և հոգևոր դաստիարակության գործում:
Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան Աբեղա Նավասարդյանը նշել է, որ մյուս տարի մրցույթի անցկացման համար հոբելյանական կլինի, և այն ավելի շուքով և պատրաստված կանցկացվի:
Այս տարի մրցույթի հանրապետական փուլին մասնակցել է 48 ուսուցիչ: Ըստ առարկաների, հանձնաժողովների որոշմամբ, տրվել են 5` I կարգի, 9` II կարգի և 14` III կարգի մրցանակներ:
Պարգևատրության արարողության ժամանակ հավաստագրեր և պարգևներ են տրվել նաև հանրապետական փուլին մասնակցության համար: