ԵԽ-ն պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ

2012-11-23

Նոյեմբերի 22-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է  Ստրասբուրգ՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հաստատման կրթության նախարարների երկրորդ տարածաշրջանային հանդիպմանը մասնակցելու նպատակով: Նույն օրը կայացել է Արմեն Աշոտյանի և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի միջև հանդիպումը, որին մասնակցել է  նաև ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը:
Հանդիպման ընթացքում նախարար Աշոտյանը ներկայացրել է կրթության և գիտության բնագավառում Հայաստանի ձեռքբերումները և բարեփոխումների ընթացքը: Նախարար Աշոտյանը գոհունակությամբ նշել է, որ կրթության և գիտության բնագավառում ԵԽ հետ հաստատվել է արդյունավետ և գործընկերային հարաբերություններ, որի նպատակն է կրթության բնագավառն առավելապես ինտեգրել եվրոպական կրթական համակարգին, ինչը փոխլրացնում է նաև Բոլոնիայի գործընթացում Հայաստանի կողմից ձեռնարկվող հետևողական քայլերը:
ԵԽ Գլխավոր քարտուղարը, ողջունելով նախարարին, բարձր գնահատել Հայաստանում կրթության և գիտության բնագավառի բարեփոխումների ընթացքը՝ վստահեցնելով, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ:
Նախարար Աշոտյանը և Գլխավոր քարտուղար Յագլանդն այլ հարցերի շարքում մտքեր են փոխանակել 2013 թվականին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության, ինչպես նաև ներքաղաքական և տարածաշրջանային հարցերի շուրջ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։