Մարդու կրթության իրավունքը` միջազգային համագործակցության առանցքում

2012-11-21

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիս Կոր-Բիզոյին: Ողջունելով հյուրին` նախարարն անդրադարձել է ՄԱԶԾ-ի հետ ձևավորված արդյունավետ և բազմակողմանի համագործակցությանը`  կարևորելով իրականացվող համատեղ ծրագրերը: Արմեն Աշոտյանը նշել է, որ կրթության ոլորտում ՄԱԿ-ի գործակալությունները հանդիսանում են կարևորագույն գործընկերներ. «Մեր հիմնական երեք գործընկերների` ՄԱԿ-ի տարբեր գործակալություններից յուրաքանչյուրի հետ նախարարությունն իրականացնում է վերջիններիս նպատակներին և հնարավորություններին համահունչ ծրագրեր:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ տպավորիչ և արդյունավետ համագործակցություն է ծավալվել հիմնականում մասնագիտական կրթության ոլորտում, որը, հուսով եմ, շարունակական կլինի: Այսօր, սակայն, Ձեր ուշադրությունն եմ ուզում սևեռել նաև մեկ այլ խնդրի վրա. դեռևս 1960 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է «Կրթության խտրականության մասին» հռչակագիր, և այդ համատեքստում ես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը երկու գրություն եմ ուղարկել` բարձրացնելով չճանաչված պետությունների քաղաքացիների կրթության իրավունքի պահմանման խնդիրը` առաջարկելով մարդու կրթության իրավունքը չշաղկապել պետական խնդիրների հետ, այլ, ընդհակառակը, տարանջատել քաղաքականությունը կրթությունից և միջազգային կրթական տարածքում ընդգրկել նաև չճանաչված պետությունները: Առաջին  գրությանը ստացել ենք պատասխան նամակ, որտեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը պարտրաստակամություն է հայտնել հարցը քննարկել, որին հաջորդել է իմ երկրորդ գրությունը` համապատասխան աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկով, որին, ցավոք, առ այսօր պատասխան չի ստացվել»,-դիմելով պարոն Պատրիս Կոր-Բիզոյին` ընդգծել է նախարարը` խնդրելով վերջինիս միջամտությունը նշված հարցի շուրջ: «Երկրորդ խնդիրը, որ ցանկանում եմ բարձրաձայնել,  վերաբերում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթական վիճակագրությունը, որը բազմաթիվ միջազգային կառույցներ համարում են ամենարժանահավատ կրթական-տեղեկատվական աղբյուրներից մեկը և իրենց աշխատանքներում շատ հաճախ հղում են կատարում նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքին: Մենք պարբերաբար ՀՀ կրթական համակարգի թարմ հաշվետվություններն ուղարկում ենք  ՅՈՒՆԵՍԿՕ, որոնք, ցավոք, մեծ ուշացումով են տեղադրվում կայքում, և ՀՀ կրթական բաղադրիչի գնահատականը երբեմն ձևավորվում է կայքում առկա 5 տարվա վաղեմության տվյալների վրա»,-փաստել է Արմեն Աշոտյանը` այս համատեքստում բարձրացնելով նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում չճանաչված տասնյակ պետությունների կրթական վիճակագրության ցանկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բացակայության խնդիրը` կոչ անելով այս հարցում չկիրառել կրկնակի մոտեցումներ` հատկապես, որ, ըստ նախարարի, ԼՂՀ-ն ևս համապատասխան կրթական հաշվետվություն է պարբերաբար ներկայացնում ՅՈՒՆԵՍԿՕ:
Պատրիս Կոր Բիզոն իր հերթին ձևավորված փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել` վստահեցնելով, որ համագործակցության բարձր մակարդակը կպահպանվի: Նա հավաստիացրել է, որ ՄԱԶԾ -ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը կշարունակվեն` առանձնահատուկ կարևորելով կրթության դերը երկրի ապագայի կերտման և զարգացման գործում:
Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանն արդյունավետ և արգասաբեր գործունեություն է մաղթել Պատրիս Կոր Բիզոնին` ակնկալելով փոխշահավետ համագործակցություն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։