Հայալեզու էլեկտրոնային բովանդակություն՝ «Պաշարների շտեմարան»
2012-11-19
ԿՏԱԿ-ի տնօրեն Ա. Պողոսյանն ու ծրագրի պատասխանատու Ա. Հարությունյանը ներկայացրել են նոր կայքն՝ իր բոլոր բաժիններով և ընձեռած հնարավորություններով: «Պաշարների շտեմարան» կայքն ունի տարբեր բաժիններ, որտեղ կարելի է գտնել և բեռնել տարբեր կրթական ծրագրեր, այդ թվում հանրակրթական դպրոցների դասագրքեր, ուսումնական և մեթոդական ձեռնարկներ, վիճակագրական տվյալներ, ուսումնական նյութեր, կրթական տեղեկատվություն և այլն: Էլեկտրոնային ուսումնական պաշարների շտեմարանի ստեղծման նպատակը կրթության ոլորտում ՏՀՏ ներդրման շարունակական զարգացման ապահովումն է, մասնավորապես՝ ուսումնամեթոդական պաշարների միասնական տարածքի ստեղծումը: Պաշարներին կարելի է կցել նաև անսահմանափակ քանակով նոր բովանդակություն՝ տարբեր ձևաչափով /տեսնյութեր, տեքստեր և այլն/:
Շնորհանդեսի ընթացքում ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը ներկայացրել է նաև ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ իրականացվող մյուս կրթական ծրագրերի ընթացքը: Բացի «Պաշարների շտեմարան» կայքի ստեղծումից, մինչև տարեվերջ առաջին անգամ Հայաստանում կգործարկվի նաև դպրոցների և բուհերի վարկանշավորման համակարգը: «Վարկանշավորումը կարևոր գործիք է Եվրոպական կրթական տարածքում: Ներդնելով վարկանշավորման ազգային համակարգ՝ Հայաստանը հավակնում է դառնալ առաջիններից մեկը»,- կարևորելով ծրագիրը՝ շեշտել է նախարարը: Մյուս կարևոր ծրագիրը «Լավագույն ուսանող» մրցույթի անցկացման նոր մեթոդաբանության մշակումն է, որն իրականցվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ: Ավագ դպրոցներում Wi-fi ինտերնետ կապով ապահովելու ծրագիրը նախարարի տեղեկացմամբ կիրականացվի գալիք տարի, իսկ այս տարի ամենահաս ինտերնետով ապահովվել են ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունները, ինչպես նաև կրթօջախներում ձևավորվել են նոր համակարգչային լսարաններ: Նախարար Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ Կրթության և գիտության նախարարության հաջողված համագործակցությունը՝ նշելով. «Կրթության ոլորտում ծախսված միջոցները սովորական բարեգործություն չեն, դրանք արդարացված ներդրումներ են, որն անպայման հետ է վերադարձվում որակյալ աշխատուժի և տնտեսական արդյունքի տեսքով: Սա մտածելակերպի և հոգեբանական խնդիր է, որը շատ մասնավոր ընկերություններ դեռևս չեն հաղթահարել»:












