Ա. Աշոտյան. «Օրինագծով մենք հավակնում ենք լուրջ արժեհամակարգային բեկումների»

2012-11-16

ՀՀ Ազգային ժողովում այսօր կազմակերպվել են «Հանրակրթական բարեփոխումները` բոլորի համար կրթությունն ապահովելու համատեքստում» խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, կրթության ոլորտի, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Լսումների ընթացքում քննարկվել են «Կրթության մասին»  և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը: 
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Դավթյանը, ով, մասնավորապես, նշել է, որ համընդհանուր ներառականության սկզբունքն ամրագրված է Հայաստանի ստանձնած մի շարք միջազգային պարտավորություններում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին և այլ հռչակագրերում. «2011-15 թթ. Կրթության զարգացման ծրագրում ևս ամրագրված է համընդհանուր ներառականության սկզբունքը, որին մեծամասամբ միտված են այս օրենսդրական փոփոխությունները: Հանրակրթության մասին չափորոշիչն արդեն սահմանում է, որ կրթական ծրագրերի յուրացման պահանջը պետությունը վերցրել է իր վրա»,-նշել Ա. Դավթյանը:
Հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով շնորհակալություն է հայտնել ԱԺ համապատասխան հանձնաժողովին` օրինագծերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու համար. «Համոզված եմ, որ օրինագծի փաթեթը մինչև երկրորդ ընթերցում անցնելու է բուռն քննարկումների շրջան. սակայն այսօր ցանկանում եմ ընդգծել այն արժեհամակարգը, որի վրա խարսխված է այս օրինագիծը: Մեր մոտեցումներն այս խնդրում շատ պարզ են` վերոնշյալ օրինագծում ներառված է ոչ միայն կրթական համակարգի, այլև մարդկային արժեքների ողջ համակազմը: Նշեմ մի քանի թեզիս, որոնց վրա խարսխված է օրինագիծը, առաջին` ՀՀ բոլոր երեխաները մերն են` անկախ իրենց ֆիզիկական զարգացվածության աստիճանից կամ այս կամ այն առողջական խնդիրներից: Երկրորդ` մենք բոլոր երեխաների առջև ունենք հավասար պարտավորություններ. մենք պարտավոր ենք ապահովել երեխաների մանկությունն իր ամբողջ համակազմով` այդ թվում կրթության ոլորտում նրան տալով հնարավորություն: Երրորդ` ոչ թե երեխան պետք է մեզ հարմարվի, այլ մենք պետք է  հարմարվենք երեխային. յուրաքանչյուր երեխայի պետք է փորձենք մատուցել իր համար մատչելի և պահանջված` այդ թվում կրթական ծառայություն: Եվ չորրորդ` Հայաստանում կրթության համակարգը դառնում է առաջատարը` հանրային կարծրատիպերի բեկման և նոր հասարակություն ձևավորման գործում: Իրականում, ներառականությունը պետք է ընկալել շատ ավելի լայն հարթության և արժեհամակարգի մեջ, քան լոկ կրթական ծառայություններով նման երեխաներին տեղ տալու օրինագիծ: Կրթության ոլորտը հավակնում է դառնալ այն <լոկոմոտիվը>, որով պետք է բացվեն մինչ այժմ փակ հաղորդակցման, հոգեբանական, արժեհամակարգային ուղիները, որպեսզի մեր հասարակությունը, իր բոլոր անդամներին ներառելու և կողքին տեսնելու ցանկությունից զատ, նաև իր կողքինին աջակցելու պատրաստակամություն դրսևորի: Այսինքն, այս օրինագծով մենք հավակնում ենք լուրջ արժեհամակարգային բեկումների:
Ուրախ եմ, որ Ազգային ժողովում օրինագծի առաջին ընթերցման ընթացքում քաղաքական գրեթե բոլոր ուժերը դրսևորել են քաղաքական իմաստով ներառական մոտեցում, որովհետև կրթության ոլորտի հարցերը պետք է չդիտարկել որպես քաղաքական օրակարգի տարաձայնություններ»,-իր խոսքում նշել է Ա. Աշոտյանը` հավելելով, որ ներառականության սկզբունքի կիրառման տեսակետից Հայաստանն առաջատար դիրքերում է ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլ մի շարք արևելաեվրոպական երկրների համեմատությամբ: «Սա մեր գործընկեր միջազգային կազմակերպություններիի գնահատականն է, որ իրականում Հայաստանում կատարվել է հսկայական աշխատանք: Ավելին, համոզված եմ, որ ներառականության սկզբունքը պետք է տարածվի նաև կրթական համակարգի այլ հատվածների, մասնավորապես, մասնագիտական կրթության վրա: Այս համատեքստում տեղեկացնեմ, որ նախարարությունն իր միջազգային գործընկերներին է ներկայացրել նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում նախատեսվող երկու փորձնական նախագիծ` ներառականության սկզբունքով առաջնորդվել նաև մասնագիտական կրթության համակարգում: Նաև բուհերում որոշակի խնդիրներ ունեցող երիտասարդների համար անհրաժեշտ ինտեգրված միջավայրի ստեղծման նպատակով արդեն հաջորդ տարի մասնաշենքային միջին ծանրաբեռնվածությամբ երկու բուհերում կսկսենք նման միջավայրի ստեղծման աշխատանքները, որոնց օրինակով և համապատասխան ժամանակացույցով էլ բոլոր բուհերին կխնդրենք իրենց արտաբյուջեի հաշվին հետևել այդ օրինակին: Բացելով դռները մեր բոլոր երիտասարդների և երեխաների առջև` պետությունը պետք է կրի նաև ֆինանսական պատասխանատվություն: Մենք բավական արժանահավատ ենք համարում այն ժամկետները, որոնք արձանագրված են օրինագծում. ցանկությունները կյանքի կոչելու համար պետք է մի օր սկսել աշխատել: Իհարկե, բոլոր խնդիրները միանգամից չեն լուծվի. օրինագիծն ընդունելուց հետո համալիր գործողությունների ծրագիր է պահանջվում, որը չի վերաբերում միայն կրթօջախներում համապատասխան միջավայրի ստեղծմանը, այլ ավելի բարդ և ժամանակ պահանջող, հոգեբանական բնույթի երկուստեք դրսևորվող խնդիր է: Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողները դեռևս ունեն այն մտավախությունը, թե արդյոք իրենց երեխաները կարող են ամբողջությամբ ինտեգրվել սովորական դպրոցներում, իսկ առողջ երեխաների ծնողների մոտ էլ առկա է այն կաղապարված մոտեցումը, որ իրենց երեխայի կողքին պետք է չսովորեն որոշակի խնդիրներ ունեցող երեխաները: Այո, խնդիրներ կան, բայց Տավուշի մարզում իրականացված փորձնական ծրագիրը, իր բոլոր դժվարություններով հանդերձ, ապացուցել է իր կենսունակությունը` որպես մոդել, այսինքն, ճիշտ մոտեցման դեպքում հասարկությունն ինքը կարող է լծվել այդ քաղաքականության իրականացման գործին: Ավելին, Տավուշի մարզի փորձը ցույց տվեց, որ այս մոդելը նաև ֆինանսական տեսակետից է շահութաբեր: Այս խնդրում մենք երկու մոտեցում ունենք` կամ անել այն, ինչ անում ենք, այսինքն, փոքր կապիտալ ծախսել, բայց մեծ օպերացիոն ծախսեր, երբ հատուկ դպրոցում երեխայի վրա ծախսվող գումարը մոտ 4 անգամ ավելի մեծ է, քան ներառականում, կամ էլ անել մեծ ներդրումներ, հետո անցնել ավելի ցածր մակարդակի օպերացիոն ծախսերի»,-ընգծել է նախարարը և հավելել, որ վերոնշյալ օրինագծով բարձրացվում են նաև այլ կարևոր խնդիրներ, մասնավորապես, մանկավարժների ստաժի համապատասխան բնորոշման, մանկավարժ մասնագետի բնորոշման հստակեցման, մասնավոր դպրոցների  համապատասխան գիտելիքներով զինված տնօրեն ունենալու խնդիրներն օրենսդրորեն լուծելու, ինչպես նաև տարրական դասարանների բոլոր դասագրքերը անվճար լինելուն վերաբերող հարցեր:

«Որպես ամփոփում` ցանկանում եմ շեշտել, որ կրթության ոլորտում դժվար է համընդհանուր համաձայնության գալ, բայց որ վերջնական որոշում կայացնելուց առաջ մենք պետք է հաշվի առնենք մեր շահառուների մեծ զանգվածի կարծիքը, սա ակնհայտ է: Եվ սևակյան այն արտահայտությունը, որ ոսկե միջինը որպես կանոն կանաչում է, բայց պտուղ չի տալիս, մեզ մղում է գալ այնպիսի համաձայնության, որը ոչ միայն կանաչի, այլ նաև շոշոփելի արդյունքների մեզ բերի»,-նշել է նախարար Աշոտյանը:
Լսումների ընթացքում հարցեր են ուղղվել հիմնական զեկուցողին, ինչպես նաև հնչել են թեմատիկ ելույթներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։