Կրկնակի տոն
2012-11-09
Մ. Աբեղյանի անվան դպրոցում վարչապետին ու մյուս հյուրերին ցուցադրվել է դպրոցի աշակերտների ուժերով պատրաստված ինքնաթիռների թռիչքը:
ՀՀ վարչապետն ու ԿԳ նախարարն այսօր մասնակցել են նաև Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կազմակերպված Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 90-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: ՀՀ կառավարության անունից շնորհավորելով բուհի ներկայացուցիչներին հոբելյանի կապակցությամբ` վարչապետը նշել է. «Համալսարանում տեսնում ենք աշխատանքային մթնոլորտ և տաղանդավոր մարդկանց համախմբվածություն, որոնք կարևորում են իրենց աշխատանքը և, ըստ էության, կերտում մեր պետության ապագան: Դա նշանակում է՝ ճարտարապետության և շինարարության ոլորտում առկա ավանդույթները գտնվում են հուսալի ձեռքերում»:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ համալսարանները պետք է հանդիսանան ժամանակակից հասարակության հիմքը և վերջինս պետք է հիմնված լինի գիտության, գիտելիքի վրա: «Համալսարանները պետք է գտնվեն պետության ուշադրության կենտրոնում, և մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի համալսարանների շուրջ ձևավորվեն ենթակառուցվածքներ: Այդ տեսակետից, մեծ խորհուրդ կա այն բանում, որ բուհի 90-ամյակի հանդիսությունը սկսեցինք ավագ դպրոցի վերանորոգված շենքի բացմամբ: Անմիջական կապ է ստեղծվում դպրոցի և համալսարանի միջև, և այդ դրական փորձը պետք է տարածենք նաև այլ համալսարաններում, ինչը լավ ուղեցույց է կրթական համակարգի արդիականացման համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը հավաստիացրել է, որ կրթական բարեփոխումները հանդիսանում են ՀՀ կառավարության առաջնահերթություններից և պետք է ջանքեր գործադրվեն, որպեսզի հայաստանյան համալսարանները մրցակցության մեջ չզիջեն Եվրոպայի լավագույն բուհերին:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 90-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած նշանակալի վաստակի համար ԵՃՇՊՀ պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արկադի Բարխուդարյանին շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում: ԵՃՇՊՀ-ի 90-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով են պարգևատրվել՝ ԵՃՇՊՀ պրոռեկտոր, կրթական բարեփոխումների վարչության պետ, տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ Արեստակ Սարուխանյանը և ԵՃՇՊՀ էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սարգիս Ստեփանյանը: Պարգևները հանձնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ԵՃՇՊՀ-ի 90-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել ԵՃՇՊՀ ճարտարապետության ֆակուլտետի դեկան, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Տիգրան Բարսեղյանը և ԵՃՇՊՀ միջազգային կապերի դեպարտամենտի պետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդգես Եդոյանը:
Կրթության, գիտության ոլորտում ունեցած ավանդի համար և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հիմնադրման 90-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` <<Ոսկե հուշամեդալով>> են պարգևատրվել՝ ԵՃՇՊՀ ճարտարապետության նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի վարիչ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Գարրի Ռաշիդյանը, ԵՃՇՊՀ հիդրոշինարարության, ջրային համակարգերի և հիդրոէլեկտրակայանների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վրույր Սարգսյանը, ԵՃՇՊՀ շինարարական մեխանիկայի ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Լևոն Լևոնյանը, ԵՃՇՊՀ տեսական մեխանիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Ալբերտ Գուրգենյանը, ԵՃՇՊՀ աշխատակազմի ղեկավար, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Եղիազար Վարդանյանը:
ԵՃՇՊՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին պարգևատրել է բուհի «Ջիմ Թորոսյան» հուշամեդալով:
Մի շարք անձինք արժանացել են նաև ՀՀ վարչապետի և կրթության և գիտության նախարարի շնորհակալագրերի և պատվոգրերի:












