Մարզային օրագիր. այցելություն Լոռու մարզ
2012-11-07
Նախարարի փոխանցմամբ` կրթության ոլորտի հաջողված ծրագրերից է նաև ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանցի ընդլայնումը. «Հատուկ կարիքներով երեխաներն ունեն կրթություն ստանալու և հասարակության լիարժեք անդամը լինելու իրավունք, այդ իսկ պատճառով պետությունը պարտավորվել է մեր բոլոր երեխաներին ներառել կրթական համակարգի մեջ` յուրաքանչյուրին տալով իրեն համապատասխան կրթություն և դաստիարակություն»,-նշել է նախարարը:
Արմեն Աշոտյանի հաջորդ այցը Լոռու մարզի տարածաշրջանային պետական քոլեջ էր, որտեղ նախարարը շրջել է լսարաններում, ծանոթացել քոլեջի նյութատեխնիկական բազային և հնարավորություններին, զրուցել ուսանողների հետ: «Մենք ունենք հաջողություններ նաև մասնագիտական կրթական ոլորտում, որի օրինակներից մեկն է Լոռու մարզի պետական տարածաշրջանային քոլեջը, որը կայուն, բարձրորակ հաստատության է վերածվել` շնորհիվ ՀՀ կառավարության լրացուցիչ ներդրումների, միջազգային աջակցության` վերանորոգում, բարեկարգումներ, վերազինում, նոր մասնագիտություններ, դեպի աշխատաշուկա միտված կրթական ծառայություններ»,-ընդգծել է նախարարը:
Մարզային այցելության շրջանակում Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել նաև Հ. Թումանյանի անվան Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի գիտխորհրդի անդամների և ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթական համակարգի մի շարք խնդիրներ: «Բարձրագույն կրթական համակարգում այսօր կատարվում են լուրջ խորքային փոփոխություններ, և պետական քաղաքականությունը, առաջադեմ լինելով հանդերձ, երբեմն տեղերում բախվում է դիմադրության, և բարեփոխումների իրականացման արագությունը չի բավարարում ոչ կրթության պատասխանատուներին, ոչ էլ հասարակությանը: Վերոնշյալ ոլորտում առկա են կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, ինչպես նաև կրթության որակի բարձրացման և կրթական ժամանակակից ծրագրերի մատուցման խնդիրներ, որոնք իրենց լուծումը պետք է ստանան, այդ թվում նաև տեղական աջակցության շնորհիվ»,-դիմելով գիտխորհրդի անդամներին` նշել է նախարարը` անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի խնդիրներին: «Կան սկզբունքային հարցեր, որոնք մտահոգում են և մեզ, և հանրությանը: Խնդիրներից մեկը կրթական ոլորտի կոռուպցիոն երևույթների առկայության աստիճանն է: Իհարկե, մի կողմից մեր բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ գերագնահատման խնդիր կա կրթական ոլորտի կոռուպցիայի հասարակական ընկալման մեջ, մյուս կողմից, սակայն, ակնհայտ է, որ այդ երևույթները կան, և նրանց նվազեցման արագությունը մեզ նույնպես չի բավարարում: Կրթության որակ և կրթական ոլորտի կոռուպցիա հասկացությունները շաղկապված են հակադարձ համեմատական սկզբունքով: Հետևաբար, որքան ավելի բարձր որակի կրթություն մատուցենք մեր բուհերում, այնքան ցածր կլինեն կրթական ոլորտի կոռուպցիոն ռիսկերը»,-փաստել Արմեն Աշոտյանը` որպես ոլորտի առաջնային խնդիրներ անդրադառնալով կրթության որակի, ինչպես նաև կրթական ծառայությունների մատչելիության հարցերին: «Այսօր մեր բուհերում սովորելու համար ուսանողների զգալի մասը ստիպված է վճարել, և ոչ բոլոր ընտանիքներն են ի վիճակի այսօր նույն թեթևությամբ կրել կրթական ծառայությունների դիմաց վճարման պարտականությունը: Պետության կողմից այս ասպարեզում նույնպես հստակ քաղաքական բանաձև է բարձրաձայնված, ըստ որի` ոչ մի լավ սովորող ուսանող ուսման վարձի պատճառով դուրս չպետք է մնա բուհից: Ըստ այդմ, կառավարության որոշմամբ անապահովության սանդղակով համապատասխան միավորներ հավաքած ընտանիքների ուսանող երեխաները 2013 թվականի սեպտեմբերի մեկից հնարավորություն կունենան սովորելու 50-100% ուսման վարձի փոխհատուցման սկզբունքով: Բացի այդ, ներբուհական ուսման վարձերի զեղչերը դրվելու են կանոնակարգման օբյեկտիվ չափանիշների և հիմքերի վրա: Մշակվում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով կանոնակարգվելու է բուհին վերապահված զեղչեր անելու իրավունքը, հստակ ամրագրվելու և ընդլայնվելու են սոցիալական այն խավերը, այն ուսանողները, որոնց այդ զեղչը ֆիքսված չափով հասանելի կլինի, և այս գործընթացը նույնպես կդառնա առավել թափանցիկ, օբյեկտիվ և կապված չի լինի անձի կամ կառույցի բարեհաճ վերաբերմունքից»,-նշել է Արմեն Աշոտյանը և հավելել, որ լավ սովորել ցանկացող ուսանողներին աջակցման նպատակով ուսանողական վարկերի տրամադրման յուրովի մեխանիզմ է մշակվում, որը, ըստ նախարարի, կներդրվի մոտ ապագայում:
Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև պետական բուհերի, այդ թվում նաև Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հնարավոր խոշորացման խնդիրներին` նշելով, որ բուհերի խոշորացման գործընթացն անխուսափելի է, որի իրականացման համար, ըստ նախարարի, հիմք են հանդիսանալու օբյեկտիվ ստեղծված պատճառները, մասնավորապես, գիտամանկավարժական ներուժի խոշորացման և կենտրոնացման, ֆինանսական արդյունավետ կառավարման, բնակչության քանակին համապատասխան ուսումնական հաստատություններ ունենալու և այլ խնդիրներ: «Վանաձորի նման խոշոր քաղաքում վաղուց ժամանակն է ունենալ պետական համալսարան` ստեղծելով իրականում մայր բուհ, որը կկենտրոնացնի մարզի ողջ պրոֆեսորադասախոսական ներուժը և և կսպասարկի մարզի տնտեսական և հասարակական շահերը»,-եզրափակել է նախարարը:
Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանը պատասխանել է նաև ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին հուզող հարցերին և ծանոթացել վերջիններիս ներկայացրած առաջարկություններին:
Կայացած միջոցառումներին և հանդիպումներին ներկա էին նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Լոռու մարզի մարզպետ Արթուր Նալբանդյանը և այլ պաշտոնատար անձինք:












