«Համաշխարհային հմտություններ» միջազգային մրցույթի ազգային փուլը

2012-10-24

Հայաստանի Հանրապետությունն այս տարվանից իրավունք է ստացել մասնակցել Լայպցիգում կազմակերպվող «Համաշխարհային հմտություններ» միջազգային  մրցույթին: Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում  այսօր մեկնարկել է մրցույթի ազգային փուլը, որը կրել է   «Հայաստանի հմտություններ»  խորագիրը: Մրցույթը կայացել է խոհարարություն, նորաձևության տեխնոլոգիա և ոսկերչություն մասնագիտությունների գծով: Ազգային փուլին մասնակցել են   նախընտրական փուլը հաղթահարած ՄԿՈՒ հաստատությունների ուսանողները: Հաղթողները 2013 թվականի հուլիսի 2-7-ը  Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգ քաղաքում, ի թիվս  61 այլ երկրների ուսանողների,  կմասնակցեն «Համաշխարհային հմտություններ» 42-րդ միջազգային մրցույթին:
 Ազգային փուլի բացման արարողությանը  մասնակցել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Մրցույթի մասնակիցներին ազգային փուլում մաղթելով ստեղծագործական հաջողություններ` նախարարի տեղեկալը հույս է հայտնել, որ նրանք Լայպցիգից կվերադառանան մրցանակներով: «Մասնագիտական կրթության ոլորտում դրական արդյունքները մեր երկրի մրցունակության  համար  կարևոր նշանակություն ունեն, քանի որ միջին մասնագիտական կրթության ոլորտն ուղղակիորեն սպասարկում է տնտեսության ծառայությունների և սպասարկումների բնագավառը»,- նշել է Մ. Մկրտչյանը: 
Մասնագիտական կրթության ազգային ուսուցման կենտրոնի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը տեղեկացրել է, որ   «Հայաստանի հմտություններ» մրցույթի ինչպես նախընտրական, այնպես էլ ազգային փուլն անցկացվելու են միջազգային չափանիշներին համապատասխան: «Բոլոր մասնակիցներն ընտրվել են նախընտրական փուլի արդյունքներով: Ազգային փուլում մրցում են 5 մասնակիցներ  խոհարարության, իսկ  նորաձևության տեխնոլոգիա և ոսկերչություն մասնագիտություններից 4-ական մասնակիցներ: Մասնակցության համար սահմանված են բավականին խիստ պահանջներ՝ օտար լեզվի իմացություն, տեսական գիտելիքներ,  մասնագիտական հմտություններ, արագ կողմնորոշվելու և գործելու ունակություն և այլն»,- նշել է Տ. Գասպարյանը: Յուրաքանչյուր մասնագիտության համար ձևավորվել են ժյուրիներ, որոնցում ընդգրկված են գործատուների և մասնագիտական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչներ:
Նախագիծն իրականացվել է ՀՀ ԿԳՆ-ի և «Գերմանիայի միջազգային համագործակցության աջակցության ընկերության /GIZ/» համագործակցության արդյունքում: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։