Ա. Աշոտյան. մենք մեր տեղը գիտենք ԱՊՀ տարածքում` այն առաջատարների խմբում է

2012-10-19

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 2-րդ համագումարի աշխատանքների ամփոփումը: Ազդարարելով համագումարի փակումը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակություններին և անձամբ` յուրաքանչյուր պատվիրակին` բաց և շահագրգիռ քննարկումների համար: Նախարարն ընդգծել է, որ ԱՊՀ անդամ երկրներում կրթական զարգացումներն, իհարկե, նման են, սակայն ունեն նաև շատ առանձնահատկություններ: 
Այդ իմաստով, ըստ Ա. Աշոտյանի, շատ արդունավետ է եղել լավագույն փորձի փոխանակումը. օտարերկրյա պատվիրակներին, մասնավորապես, հետաքրքրել է Հայաստանի փորձը` ավագ դպրոցների ցանցի ստեղծման, 12-ամյա կրթության, հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման, բարձրագույն կրթության վկայականի միջազգային ճանաչման, Բոլոնիայի քարտուղարության աշխատանքներում ներգրավվածության տեսանկյունից: «Մեր առաքելությունն է լինել այն կրթական հարթակներում, որտեղ հայ քաղաքացին, կրթության շահառուն, կարող է իր համար ստանալ շահավետ կրթական առաջարկ: Մենք մեր տեղը գիտենք ԱՊՀ տարածքում, և այն, վստահեցնում եմ ձեզ, առաջատարների խմբում է, քանի որ հայ մարդը կրթության նկատմամբ ունի պաշտամունքային վերաբերմունք և ցանկանում է լսել ցանկացած արդյունավետ առաջարկ` երբեմն նաև այլոց սխալները չկրկնելու համար: Համոզված եմ, որ համագումարի հետքը մնալու է ոչ միայն փաստաթղթի վրա, այլև կյանքի է կոչվելու»,-նշել է նախարար Արմեն Աշոտյանը: Փակման արարողությանը հանդես են եկել նաև ԱՊՀ անդամ այլ երկրների պատվիրակներ:
Համագումարի ավարտին միաձայն ընդունվել է ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 2-րդ համագումարի բանաձևը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։