Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 19-րդ համաժողովի մասնակիցներին
2012-10-19
Հանրապետության ղեկավարը նշել է, որ կրթության ոլորտը Հայաստանում գտնվում է պետության մշտական ուշադրության և հոգածության ներքո, և զգալի աշխատանք է տարվում կրթության որակի բարձրացման, արդի պահանջներին համապատասխանեցման, պետական ծրագրերի շրջանակում հանրակրթական հաստատությունների և բուհերի լավագույն աշակերտներին ու ուսանողներին խրախուսման ուղղությամբ: Հանդիպման մասնակիցների հետ Նախագահը խոսել է կրթական համակարգում մեր երկրում իրականացված բարեփոխումների, դրանց արդյունքների, դեռևս առկա խնդիրների և առաջիկա ծրագրերի մասին:
ԱՊՀ անդամ պետությունների կրթական ոլորտի պատասխանատուները ևս կարևորել են համագործակցությունը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է մշակել կրթության ոլորտի գնահատման ընդհանուր չափանիշներ, ակտիվացնել կրթության և գիտության ոլորտներում ինտեգրացիոն գործընթացները, ձևավորել արդի պահանջներին համապատասխան միասնական մոտեցումներ, ինչպես նաև կրթության ոլորտում մրցակցությունն ու փոխգործակցությունը խրախուսող համատեղ օլիմպիադաներ և այլ միջոցառումներ իրականացնել:
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների մակարդակով հիշյալ նպատակին ուղղված նախաձեռնությունները պաշտպանելու և առաջ մղելու անհրաժեշտությունը:












