Կրթության նախարարներն արդյունավետ են գնահատել երևանյան համաժողովը

2012-10-19

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 19-րդ համաժողովի մասնակիցների մամուլի ասուլիսը: Համաժողովը մեկնարկել է հոկտեմբերի 18-ին, Երևանում՝  ԱՊՀ անդամ 9 պետությունների կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ամփոփել է  նախարարական համաժողովի արդյունքները՝ նշելով, որ զուգահեռաբար ընթանում են նաև ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 2-րդ համագումարը:
Ա. Աշոտյանը նշել է, որ համաժողովում քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների կողմից հավանության  արժանացած մի շարք նախագծեր: «Համաժողովում որոշում է կայացվել հիմնադրել ԱՊՀ երկրների ցանցային քոլեջ, որը նպատակ ունի բարելավել մասնագիտական կրթության որակն անդամ երկրներում՝ ստեղծելով մեթոդական աջակցության, կրթական ծրագրերի միասնական և կենտրոնացված համակարգ:  ԱՊՀ ցանցային քոլեջում կընդգրկվեն տարբեր երկրներում գործող քոլեջներ»,- նշել է նախարարը և հավելել, որ քննարկվել են նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև ավելի սերտ համագործակցություն ապահովելու հարցը: ՀՀ ԿԳ նախարարի խոսքով՝ Հայաստանը՝ որպես Բոլոնիայի քարտուղարությունը ստանձնած պետություն,  ԱՊՀ գործընկեր պետություններին  առաջարկել է  իր աջակցությունը՝ գործընթացին անդամակցելու և կրթական բարեփոխումների հարցում: «Մենք նաև առաջարկել ենք ստեղծել ԱՊՀ երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանշային գործակալություն, որը հնարավորություն կտա բոլոր բուհերի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ: Սա շատ կարևոր խնդիր է և ուսանողների և բարձրագույն կրթության մյուս շահառուների համար կրթության որակը գնահատելու համար առաջնային նշանակություն ունի»,- շեշտել է Ա. Աշոտյանը:  Նրա խոսքով՝ համաժողովում կարևորվել  է նաև ԱՊՀ անդամ պետություններում կրկնակի դիպլոմների տրամադրման և միջբուհական համակգործակցության  խնդիրը, մասնավորապես,  գեղարվեստական և մշակութային  կրթության ասպարեզում: Անդրադարձ է եղել «Եվրաստուդենտ» նախագծին. «Մենք քննարկել ենք ԱՊՀ անդամ պետությունների մասնակցության հնարավորությունը «Եվրաստուդենտ» ծրագրին, որը մեկնարկելու է 2012-15 թվականներին և նպատակ ունի ուսումնասիրել ուսանողների խնդիրները՝ սկսած կյանքի պայմաններից, սոցիալական խնդիրներից մինչև վերաբերմունքը կրթության և ընտրած մասնագիտության վերաբերյալ: Հայաստանն առաջին անգամ է ներգրավվում այդ ծրագրում, որը հնարավորություն կտա ստանալ եվրոպական անկախ գործակալության փորձագիտական գնահատականը: Իրավիճակի անաչառ գնահատումը մեզ հնարավորություն կտա հետագա բարեփոխումները դարձնել  ավելի նպատակային»,- շեշտել է Ա. Աշոտյանը: ՀՀ ԿԳ նախարարը նաև տեղեկացրել է, որ  ԱՊՀ անդամ պետությունների հաջորդ նախարարական համաժողովը  տեղի կունենա Մինսկում՝  2013 թվականին: Իսկ  ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 20-րդ համաժողովը կգումարվի 2014 թվականին՝ դարձյալ Մինսկում:
Նախարարական համաժողովի մասնակիցները հաջորդ համաժողովի համար որպես  քննարկման գլխավոր հարց ընտրել են ավագ դպրոցներում հոսքային ուսուցման հիմնահարցը, քանի որ խնդիրն արդիական է ԱՊՀ բոլոր երկրներում:
Համաժողովին ներկա ԱՊՀ երկրների կրթության ոլորտի պատասխանատուներն ընդգծել են, որ  համաժողովում բարձրացված հարցերի շուրջ արդյունավետ և շահագրգիռ քննարկում է ծավալվել, ինչն օգտակար կլինի իրենց երկրներում կրթական խնդիրների լուծման  առումով:
Ասուլիսի ավարտին ՀՀ կրթության և գիոտթյան նախարար Արմեն Աշոտյանն ու Տաջիկստանի կրթության նախարար Նուրիդին Սայիդովը վավերացրել են  համագործակցության հուշագիր, որը նպատակ ունի երկու երկրների միջև խորացնել և զարգացնել կրթական համագործակցությունը: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։