Հայաստանը՝ կրթական կամուրջ ԱՊՀ և եվրոպական երկրների միջև

2012-10-18

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում  տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 19-րդ համաժողովը՝ ԱՊՀ անդամ 9 պետությունների կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Բացման խսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ողջունելով նախարարական 19-րդ համաժողովի անցկացումը Երևանում՝ Ա. Աշոտյանը շեշտել է, որ հիմնական խնդիրը ԱՊՀ երկրների ընդհանուր կրթական տարածքի ամրապնդումն ու զարգացումն է: 
«Կրթությունն այն հարթակներից մեկն է, որտեղ մենք, թեև ունենալով ընդհանրություններ, միաժամանակ տարբեր տեմպերով և ուղղություններով ենք առաջ գնացել»,- նշել է Ա. Աշոտյանը:  Անդրադառնալով ԱՊՀ երկրների միասնական կրթական խնդիրներին՝ ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ ընդհանուր տնտեսական և քաղաքական գոտին ենթադրում և թելադրում է  միասնական կրթական տարածք: «Հայաստանն այն եզակի ԱՊՀ երկրներից է, որը միաժամանակ եվրոպական կրթական  տարածքի մաս է կազմում: Սա մեզ տալիս է որոշակի դիրքային առավելություն, և մենք պատրաստ ենք Հայաստանի կուտակած  եվրոպական կրթության փորձն  առաջարկել ԱՊՀ մեր գործընկերներին, միաժամանակ ԱՊՀ կրթական համակարգի հաջողությունները փոխանցել եվրոպական գործընկերին՝ ստանձնելով յուրօրինակ կրթական կամուրջի առաքելություն»,-ընդգծել է նախարարը՝ շեշետելով հատկապես Բոլոնիայի գործընթացը: ԱՊՀ անդամ 11 երկրից 6-ն անդամակցում են Բոլոնիայի գործընթացին, իսկ  5-ը՝ Բելառուսը,   Ղրղզստանը, Թուքմենստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը՝ ոչ: Սակայն բացի ընդհանուր բարձրագույն կրթական տարածքից, կա նաև միասնական հանրակրթական տարածք: ՀՀ ԿԳ նախարարն ԱՊՀ 19-րդ նախարարական համաժողովի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի հանրակրթական բարեփոխումներն ու զարգացման հեռանկարները: Ա. Աշոտյանը նշել է, որ 2006 թվականից  Հայաստանում ներդրվել է 12-ամյա հանրակրթության  համակարգը, զուգահեռաբար մշակվել են կրթական նոր ծրագրեր, չափորոշիչներ, դրանցով պայմանավորված փոփոխվել է կրթության բովանդակությունը՝ այն համապատասխանեցվելով  արդիական մոտեցումների պահանջներին: «12-ամյա կրթական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ Հայաստանում  ձևավորվեցին ավագ դպրոցներ, որտեղ կազմակերպվում է հոսքային ուսուցումը: Ավագ դպրոցների հիմնական խնդիրն աշակերտին բուհական համակարգին նախապատրաստելն է: Սա, կարծում եմ, արդիական հիմնահարց է հետխորհրդային և ԱՊՀ բոլոր երկրներում»,-իր խոսքում նշել է նախարարը և որպես հաջողված  փորձ՝ ներկայացրել մեր երկրում ավագ դպրոցների համագործակցությունը բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ: «Մենք պետականորեն խրախուսում ենք բարձրագույն ուսումնական հաստատությունների և ավագ դպրոցների համագործակցությունը»,-նշել է Ա. Աշոտյանը:
Ելույթ են ունեցել նաև համաժողովին ներկա ԱՊՀ երկրների պատասխանատուները՝ ներկայացնելով իրենց երկրների կրթական խնդիրները և ձեռքբերումները: Համաժողովի մասնակիցները կարևորել են  կրթության ոլորտում ընդհանրական և միասնական մոտեցումներ ձևավորելու անհրաժեշտությունը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։