Ա.Աշոտյան. կրթության իրավունքը մարդու իրավունքի անբաժանելի մասն է

2012-10-18

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր բացվել է ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 2-րդ համագումարը, որին մասնակցում էր ԱՊՀ անդամ 9 պետությունների` Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենիայի և Մոլդովայի առավել քան 500 պատվիրակ` ԱՊՀ անդամ պետությունների հայտնի քաղաքական գործիչներ և հասարակական գործիչներ, ԱՊՀ անդամ պետությունների կրթության կառավարման մարմինների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, դասախոսներ, մեթոդիստներ, կրթական և գիտական հանրույթի մասնակիցներ, կրթական և գիտական պարբերականների և ԶԼՄ ներկայացուցիչներ:
Համագումարի մասնակիցներին ողջունել են ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը, ԱՊՀ անդամ պետությունների գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Ս. Լեբեդևը և ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահ Վ. Ստրաժևը:
Համագումարի ընթացքում համապատասխան զեկույցներով են հանդես եկել նույն օրերին Երևանում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների համաժողովին մասնակից կրթության նախարարները: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով համագումարի մասնակիցներին, նշել է, որ Հայաստանի ղեկավարությունը պատրաստակամությամբ է ընդունել Աստանայում կայացած ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 1-ին համագումարի` հաջորդ համագումարը Երևանում անցկացնելու որոշումը: «Արդեն երկու տարի է` մեր երկրի մանկավարժական հանրույթն ապրում է` ԱՊՀ անդամ երկրների իրենց գործընկերների հետ հանդիպման սպասման մեջ: Ես հուսով եմ, որ Երևանում արդյունավետ ռազմավարություն և երկխոսություն կմշակվի մեր պետությունների կրթության զարգացման քաղաքականությամբ զբաղվողների միջև: Վստահեցնում եմ ձեզ, որ մենք մեր հյուրերին ներկայացնելու և պատմելու շատ բան ունենք և պատրաստ ենք աջակցել կրթության ոլորտի համագործակցության ընդլայնման նպատակով նախատեսված բոլոր միջպետական նախագծերին»,-դիմելով համագումարի պատվիրակներին` ընդգծել է Ա. Աշոտյանը` իր զեկույցում անդրադառնալով մի շարք խնդիրների: «Գաղտնիք չէ, որ ԱՊՀ երկրների, այդ թվում նաև Հայաստանի, հասարակություններն ապրում են խորհրդային դպրոցի կարոտախտով. մեր քաղաքացիների մոտ որակյալ կրթությունը հաճախ ասոցացվում է խորհրդային դպրոցի լավ ավանդույթների հետ: Մենք մեր քննադատներին ստիպված ենք բացատրել, որ, այո, խորհրդային դպրոցը եղել է լավագույններից մեկը, բայց Խորհրդային Միության տնտեսության և հասարակության համար: Միության փլուզումից հետո մեր երկրների տնտեսական, կրթական համակարգերը փոխվել են, և այն թյուր կարծիքը, որ խորհրդային մոդելը կարող էր արդյունավետ լինել անկախության 20 տարիներից հետո, համոզված եմ, որ ռոմանտիկ մոտեցում է: Պետք է պահպանել և փոխանցել բոլոր լավագույն ավանդույթները, բայց ապրել խորհրդային կարոտախտով` կարծում եմ` արդիական չէ: Երկրորդ խնդիրը, որին ցանկանում եմ անդրադառնալ, կրթության ոլորտի մշտական բարեփոխումներն են. մի կողմից` հասարակությունը հոգնել է, իսկ մյուս կողմից էլ` մենք չենք կարող ճիշտը չասել մարդկանց: Երբ մեզ հարցնում են` երբ են ավարտվելու կրթական բարեփոխումները, մենք պատասխանում ենք` երբեք. քանի դեռ մարդկության հասարակական, տնտեսական զարգացումները շարունակվում են, փոփոխվող աշխարհը և հասարակությունը մշտապես մեր առջև դնելու են նոր հարցեր և մարտահրավերներ, որոնք պետք է լուծումներ ստանան: 21-րդ դարում կրթության բնագավառը դատապարտված է շարունակական բարեփոխումների, և քանի դեռ մենք չենք կարողանում համակարգել հասարակական փոփոխությունները, ապա գոնե պետք է փորձենք հասնել դրանց: Այս փոփոխությունների մրցավազքում կրթական համակարգը սլանում է տնտեսական և հասարակական փոփոխությունների հետևից, որոնց լիարժեք իրականացմանը խանգարում են մի շարք օբյեկտիվ պատճառներ: Կրթական համակարգի անկյունաքարերից մեկն ազգային դպրոցն է, որը, համոզված եմ, պետք է կրթի նոր երկրի քաղաքացի, ով ապրում է նոր արժեքներով: Միաժամանակ, գլոբալիզացիան մերձեցնում  է մեզ, և ընդհանուր կրթական տարածքի ստեղծումը մասն է այդ գործընթացի: ԱՊՀ մասնակից պետությունների, այդ թվում Հայաստանի առանձնահատկությունն է, որ մենք միաժամանակ ինտեգրվում ենք եվրոպական, մյուս կողմից ավանդական ԱՊՀ կրթական տարածք: Սա լավագույն եվրոպական փորձի փոխանցումն է Արևելք և հակառակը: Ազգային դպրոցին զուգահեռ` իրական ինտեգրացիա միջազգային կրթական ասպարեզ. այս համատեքստում է, որ իրականացվել են մի շարք բարեփոխումներ, այդ թվում` անցումը 12-ամյա կրթության, որն, իհարկե, հասարակության համար հոգեբանական տեսանկյունից անհետևանք չէր կարող մնալ և իր մեջ մեծ ռիսկեր էր պարունակում, քանի որ համակարգը ներդրվեց ճգնաժամից մեկ տարի առաջ, որն էլ, բնականաբար, ազդեց բարեփոխումների ծավալի և որակի վրա: Այդ է պատճառը, որ այդ ուղղությամբ մենք թափանցիկ և հաշվետու գործունեություն ենք ծավալում. միշտ փորձում ենք կրթական բարեփոխումների և քննարկվող նախագծերի մեջ ներառել հասարակական կազմակերպություններին, նաև քաղաքացիներին»,-նշել է նախարար Արմեն Աշոտյանը և ընդգծել, որ Հայաստանն այսօր ոչ միայն ներմուծում է միջազգային առաջավոր փորձը, այլև ստեղծում սեփական արդյունքը և որպես ազգային նախագիծ` ներկայացրել է հանրակրթական դպրոցների 2-4-րդ դասարաններում շախմատը պարտադիր առարկա ներդնելու գործընթացը: «Ապագայի դպրոցը պետք է տա անհատական «արտադրանք», աշակերտի մեջ պետք է զարգացնել վերլուծական միտք, ռազմավարական պլանավորման ունակություն, առաջնորդի հատկանիշներ: Մենք չենք կերտում անհատների հասարակություն, մեզ անհրաժեշտ են ուժեղ անհատներ, ովքեր վաղը կարող են առաջ տանել մեր երկիրը: Մենք պատրաստ ենք մեր ձեռքբերած փորձով կիսվել, տրամադրել ստեղծված բացառիկ բոլոր ուսումնաօժանդակ նյութերը»,-դիմելով գործընկերներին` նշել է Ա. Աշոտյանը: Իր ելույթում նախարարն անդրադարձել է նաև չճանաչված պետությունների ժողովուրդների կրթության իրավունքի ապահովմանը: «Մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր ուզում են կերտել իրենց անկախությունը, ապրում են մարդիկ, ովքեր այդ անկախությունը կերտում են դեռևս չճանաչված  տարածքներում: Չցանկանալով քաղաքականացնել խնդիրը` ցանկանում եմ նշել, որ կրթության իրավունքը մարդու իրավունքի անբաժանելի մասն է և բնավ կապված չէ պետական-իրավական կարգավիճակի հետ:  Մի կողմ թողնելով քաղաքականությունը` ես ձեզ կոչ եմ անում փորձել օգնել այն մարդկանց, որոնք ունեն կրթության իրավունքի խնդիր, ԱՊՀ նախագծերով կրթական միասնական տարածք ներառել ոչ թե պետությունները, այլ մարդկանց, որովհետև պետության, այդ թվում չճանաչված, գլխավոր արժեքը մարդն է»,-իր ելույթը եզրափակել է նախարար Արմեն Աշոտյանը:
Համագումարն ընթանում է «ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում ժամանակակից ինտեգրման գործընթացները. խնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրի ներքո: Համագումարի նպատակն է Աստանայում կայացած 1-ին համագումարի որոշումների կայացմանը, ժամանակակից հասարակությունում ուսուցչի դերի և տեղի բարձրացմանը նպաստելը, ինչպես նաև առաջիկա տարիներին կրթության և գիտության ազգային համակարգերի հետագա համագործակցության գերակա ուղղությունների մշակումը, ԱՊՀ պետությունների համագործակցությունն ավելի դինամիկ և պահանջված դարձնելը: Համագումարի խնդիրներն են` կրթության և գիտության ոլորտում միջպետական համագործակցության զարգացում, ԱՊՀ անդամ պետությունների նորարար-ուսուցիչների և կրթական կազմակերպությունների առաջատար փորձի տարածում` ուսուցիչների կրթական ծառայությունների որակի բարձրացման համատեքստում, ԱՊՀ կրթական և գիտական հանրույթների միջև համագործակցության զարգացման պայմանների ստեղծում, կրթության միջոցով ԱՊՀ անդամ պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների ամրապնդում: Համագումարը կնպաստի ԱՊՀ անդամ պետություններում կրթության որակի աջակցման և գնահատման միասնական մոտեցման ձևավորմանը, կրթական ծրագրերի միջազգային համակարգերի ինտեգրմանը, ուսուցչի հեղինակության և դպրոցի դերի բարձրացմանը:
Համագումարի ընթացքում քննարկվել են «ԱՊՀ անդամ պետությունների կրթական համակարգերը` ժամանակակից մարտահրավերների և ինտեգրման գործընթացների համատեքստում», «Կրթական համակարգերի կադրերի պատրաստման համակարգի արդիականացումը», «Կրթության շարունակականության իրականացման ուղիները. նախադպրոցական կրթություն-դպրոց-բուհ-լրացուցիչ կրթություն», «Ժամանակակից կրթական տեխնոլոգիաները` նոր կրթական օրինակների համատեքստում» թեմաները:
Համագումարի շրջանակում կկազմակերպվեն նաև կլոր-սեղաններ և Էսպո-ցուցահանդես: Ցուցահանդեսը նպատակաուղղված էր ԱՊՀ անդամ պետություններում կրթական բարեփոխումների, մանկավարժական նվաճումների և նորարարությունների արդյունքների, հեղինակային և այլընտրանքային կրթական մեթոդների առանձնահատկությունների, լրացուցիչ կրթության հաջողված օրինակների, ուսումնամեթոդական նյութերի և ձեռնարկների, փորձի փոխանակման ներկայացմանը:
Համագումարը կազմակերպել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Ուսուցման ազգային հիմնադրամը` ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի /МФГС/ աջակցությամբ:
Համագումարն իր աշխատանքները կշարունակի նաև վաղը` հոկտեմբերի 19-ին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։