Ա. Աշոտյան. «Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է նշանակում ազգային փոքրամասնություն»

2012-10-17

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է հանդուրժողոականության հարցերով ԵԱՀԿ նախագահողի ներկայացուցիչներ Էնդրու Բեյքերին, Ադիլ Ախմետովին և Քեթրին ՄքԳինեսսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ազգային փոքրամասնությունների կրթական խնդիրները, մասնավորապես, կարևորվել է ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը կրթական համակարգում: Նախարար Ա. Աշոտյանը ներկայացրել է ՀՀ ԿԳՆ-ի կողմից իրականացվող ծրագրերը` նշելով, որ ազգային փոքրամասնությունների խնդիրներին ցուցաբերվում է հատուկ ուշադրություն:
«Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է նշանակում ազգային փոքրամասնություն և պատկերացնում ենք ազգային և կրոնական համայնքների խնդիրների լուծման կարևորությունը, քանի որ մենք՝  հայերս, աշխարհի տարբեր երկրներում ազգային փոքրամասնություն ենք: Մեր հայրենակիցները հայկական համայնքներ  են ձևավորել աշխարհի գրեթե բոլոր երկրներում:  Հայկական  համայնքների արդյունավետ գործունեությունը և տեղերում մայրենի լեզվի ու պատմության ուսուցումը մեր երկրի համար  պետական կարևորություն   ունեն»,-շեշտել է  նախարարը: Ա. Աշոտյանը նաև  հավելել է, որ ՀՀ ԿԳՆ-ի կողմից  մշտական աջակցություն է ցուցաբերվում արտերկրում գործող հայկական դպրոցներին, մասնավորապես, կազմակերպվում են մայրենի լեզվի ուսուցիչների վերապատրաստումներ, տպագրվում են դասագրքեր  և ուսումնական ձեռնարկներ: Անդրադառնալով Հայաստանի ազգային փոքրամասնությունների կրթության կազմակերպմանը՝ նախարարը նշել է, որ ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվի ուսուցանումն ընդգրկված է պետական կրթական ծրագրում, մասնավորապես,  համապատասխան համայնքների առկայության դեպքում պետական ֆինանսավորմամբ Հայաստանի դպրոցներում  ուսուցանվում են քրդերեն, եզդիերեն և ասորերեն: Բացի այդ, գրեթե ամեն տարի կառավարությունը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին արտամրցութային տեղեր է հատկացնում՝ պետպատվերի շրջանակում: «Ազգային փոքրամասնությունների կողմից ներկայացված որևէ կրթական նախաձեռնություն կամ առաջարկություն չի մերժվել»,-նշել է նախարար Ա. Աշոտյանը և հավելել, որ ՀՀ  ԿԳՆ-ն պատրաստակամ է ազգային փոքրամասնությունների կրթական կարիքների  բարելավման հարցում համագործակցել միջազգային կազմակերպությունների ու տեղական հասարակական կառույցների հետ:
 
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։