Կարևորվել է ֆրանսերենի դասավանդման որակի բարելավումը

2012-10-16

 ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին և  «Ալիանս Ֆրանսեզ» կազմակերպության նախագահ Ժան Ժակ Կլոդին: Նախարարը ողջունել է հյուրերին, ընդգծելով, որ  «Ալիանս Ֆրանսեզը» Հայաստանի կրթական համակարգի լավագույն գործընկերներից է, հատկապես  ուսուցիչների վերապատրաստման և ֆրանսերենի դասավանդման որակի բարելավմանը նպաստելու հարցերում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի հանրակրթական դպրոցներում  ֆրանսերենի դասավանդման խնդիրներին:

Նախարարը նշել է, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում գնալով ավելի նկատելի է դառնում  ֆրանեսերենի՝ որպես 3-րդ օտար լեզվի ուսուցման խրախուսումը: Միաժամանակ, ինչպես ընդգծել է  Արմեն Աշոտյանը, բազմաթիվ դպրոցներում ֆրանսերենն ուսուցանվում է որպես հիմնական օտար լեզու, ինչը, հաշվի առնելով Հայաստանի և Ֆրանսիայի միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը, մեր երկրի համար ունի ինչպես քաղաքական և մշակութային,  այնպես էլ բարոյական նշանակություն: «Ալիանս Ֆրանսեզ» կազմակերպության նախագահ Ժան Ժակ Կլոդը կարևորել է  Ֆրանսիայում և Հայաստանում միմյանց նկատմամբ առկա ընդգծված վերաբերմունքը և փոխադարձ ուշադրությունը, որն էլ իր հերթին անդրադարձ կարող է ունենալ կրթական համակարգում: Հանդիպման ընթացքում քննարկվել են  նաև Հայաստանում Ֆրանսիական  համալսարանի գործունեության ընդլայնման, ֆրանսիական գրադարանի ձևավորման և հայ-ֆրանսիական կրթական համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։