Արցախի պետական համալսարանի 20-ամյակին ընդառաջ

2012-10-10

Արցախյան շարժման առաջին տարիներին ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Ն.Ռիժկովի հրամանով փակվել էր Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտը: Ուսանողները և դասախոսական կոլեկտիվը իրենց աշխատանքային գործունեությունը դադարեցնելուց հետո տեղափոխվեցին Կիրովականի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ: Վերահաս երկրաշարժը հնարավորություն չտվեց ուսումնառությունը շարունակել Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտում:
Ինստիտուտի ղեկավարությունը, հատկապես ռեկտոր Ռ. Եդոյանը, լուրջ  աշխատանք տարավ Ղարաբաղի հատուկ կառավարման կոմիտեի նախագահ Ա.Վոլսկու և ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Ն.Ռիժկովի հետ թույլտվություն ստանալու Ստեփանակերտում Կիրովականի  պետական մանկավարժական ինստիտուտի բաժանմունք ստեղծելու համար, որի ստեղծելուց հետո նախկին  Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի դասախոսները և ուսանողները վերադարձան Ստեփանակերտ և ուսումնական գործընթացը շարունակեցին մարզկենտրոնում: Այսպիսով, այդ քայլով հայկական կրթական համակարգը մուտք գործեց  ԼՂԻՄ:
Ստեփանակերտում Կիրովականի մանկավարժական ինստիտուտի  բաժանմունքի ստեղծումը լավ օրինակ հանդիսացավ ՀՀ մյուս պետական բուհերի ղեկավարության համար և  արդեն 1989թ. դեկտեմբերին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտոր, ակադեմիկոս Յուրի Սարգսյանի նախաձեռնությամբ Ստեփանակերտում ստեղծվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հեռակա ֆակուլտետի ընդհանուր տեխնիկական բաժանմունք:
Ղարաբաղում ստեղծված դժվարին իրադրության պայմաններում այդ երկու բաժանմունքներն իրենց աշխատանքները իրականացնում էին բավականին բարձր մակարդակով, որը թույլ տվեց մեկ տարի հետո Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հեռակա ֆակուլտետի բաժանմունքը վերափոխել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղի:
Մարզում օրեցօր վիճակը ծանրանում էր և ղարաբաղցի ուսանողների համար այլևս անհնար էր ՀՀ և ԽՍՀՄ այլ քաղաքներ մեկնելու բուհերում ուսումը շարունակելու նպատակով: Երևանի մի շարք պետական բուհերի, հանձինս Երևանի ճարտարապետության և շինարարության պետական ինստիտուտի, Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտի, Երևանի ժողտնտեսության ինստիտուտի, Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի, ռեկտորները հետևեցին Ստեփանակերտում արդեն գործող բուհերի ռեկտորներին, թույլտվություն ստացան ղարաբաղաբնակ իրենց ուսանողների ուսումնական գործընթացը շարունակել և կազմակերպել Ստեփանակերտում:
Շուրջ երկու տարի այդ կարգով աշխատելուց հետո, արդեն ԼՂՀ  և ՀՀ կառավարության համաձայնությամբ, միավորվելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի /ՀՊՃՀ/ մասնաճյուղը և Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բաժանմունքը 1992թ. հոկտեմբերի 13-ին ՀՀ կառավարության թիվ 509 որոշմամբ ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանը, ներկայումս Արցախի պետական համալսարանը: Համալսարանի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել 1993թվականի մայիսի 10-ին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։