Մրցույթ-փառատոնի բացումն ազդարարում է երկրորդ փուլի սկիզբը

2012-10-08

Գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական ստեղծագործության թանգարանում բացվել է «Սիրե´ք պոետի գույները» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի շրջանակում կազմակերպվող ցուցահանդեսը, որն արդեն երրորդ տարին անընդմեջ կազմակերպում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը`Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ: Մրցույթի նպատակն է խրախուսել հայ պոեզիայի իմացությունը, նպաստել հայ մանուկների և պատանիների մոտ պատկերավոր մտածողության զարգացմանը, զգացական աշխարհի հարստացմանը` կիրառելով բանաստեղծական արվեստի  հանդեպ գեղագիտական մոտեցում:
Այս տարի մրցույթ-փառատոնին ներկայացվել է 6-18 տարեկան երեխաների շուրջ 1500 նկար` Սփյուռքի 14 երկրից (ԱՄՆ, Արգենտինա, Իրան, Լիբանան, Մեծ Բրիտանիա, Ղազախստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Ուրուգվայ, Ռուսաստան, Սիրիա, Ֆրաստան, Քուվեյթ, Վրաստան), Հայաստանից և Արցախից: Աննախադեպ է հատկապես Հայաստանի և Արցախի արվեստի դպրոցների մասնակցությունը. Արցախից ներկայացվել է 86 նկար՝ 10 դպրոցից, իսկ Հայաստանից շուրջ 1100 նկար՝ 73 դպրոցից:
Մրցույթ-փառատոնն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլում մասնակիցներն   իրենց նկարներն էլեկտրոնային տարբերակով փոխանցում են հանձնաժողովին, որոնցից լավագույններն ընտրվում են ցուցահանդեսի համար և հետագայում ներկայացվում են տպագրման համար: Ըստ այդմ`առաջին փուլի արդյունքներով ընտվել են շուրջ 350 նկար և գոբելեն: Երկրորդ փուլում ցուցահանդեսին ներկայացված նկարներից ընտրվելու են հիմնական հաղթողները: Երեխաների համար նախատեսված են խրախուսական մրցանակներ:
Քվեարկության արդյունքները, ինչպես նաև մրցանակակիրների անունները հայտնի կդառնան ցուցահանդեսի փակման օրը և կտեղադրվեն www.nca.am և www.edu.am կայքերում: Հրատարակվելու է ցուցահանդեսի կատալոգ, որը կտրամադրվի բոլոր այն մանուկներին և պատանիներին, ում նկարները ցուցադրվել են:
Հաշվի առնելով թեմայի բարդությունը և ուսումնական բնույթը` առաջին փուլի մեկնարկից առաջ մանկավարժների համար կազմակերպվել է մեթոդական սեմինար: Սեմինարին ներկայացվել են ծրագրի նպատակները, երեխաների հետ աշխատանքի մեթոդիկան, աշխատանքների գնահատման հիմնական չափանիշները: Սեմինարի տեսագրությունը տեղադրված է www.spyurq.dasagirq.am և Youtube-ում:
Այս տարվա առանձնահատկություններից է նաև այն, որ փառատոնի շրջանակում բացի ցուցահանդեսից, նախատեսվում է կազմակերպել այլ մշակութային միջոցառումներ, մանկական պոեզիայի մրցույթ:
Մրցույթ-փառատոնի կազմակերպման գլխավոր հովանավորը՝ «Արմենթել» ՍՊԸ-ն էÖ‰ Միջոցառմանը աջակցել է նաև ACBA բանկը:
Ցուցահանդեսը գործելու է մինչև նոյեմբերի 3-ը:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։