Նախարարն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության նորանշանակ ղեկավարին

2012-09-28

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Քերըն Հիլլարդին: ՀՀ ԿԳ նախարարը ողջունել է հյուրին՝ նշելով, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանի կրթական համակարգի կարևոր գործընկերներից է, որի հետ համատեղ  իրականացվում են ինչպես   մի շարք ավանդական, այնպես էլ նոր ծրագրեր: Հույս հայտնելով, որ համագործակցությունը արդյունավետ շարունակություն կունենա՝ նախարարը մասնավորապես կարևորել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ մեկնարկած ազգային լաբորատորիայի հիմնադրման ծրագիրը.
«Մենք կարևորում ենք, որ ամերիկյան ժողովրդի աջակցությամբ Հայաստանում կստեղծվի ժամանակակից լաբորատորիա, որը կնպաստի մեր երկրի բուհական համակարգի զարգացմանը»,- նշել է նախարարը:  Պատրաստակամություն հայտնելով շարունակել ադյունավետ հիմքերի վրա դրված համագործակցությունը՝  Ք. Հիլլարդը նշել է, որ կրթական կարիքների աջակցությունը ԱՄՆ ՄԶԳ կարևոր առաքելություններից է: ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը ներկայացրել է Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի առաջնահերթությունները, որպես հիմնական խնդիր նշելով  աշխատաշուկայի և մասնագիտական կրթության կապի ամրապնդման անհրաժեշտությունը: Ք. Հիլլարդը, ընդգծելով, որ Հայասատանն ունի կրթված բնակչություն,  պատրաստակամություն է հայտնել աշխատաշուկայի զարգացմանն աջակցելու  հարցում համագործակցել ՀՀ ԿԳՆ-ի հետ :
Անդրադառնալով  բարձրագույն կրթության ոլորտի զարգացման միտումներին և շեշտելով, որ   կրթության որակի շարունակական բարելավումը Հայաստանի կրթական քաղաքականության գերակայություններից է,  նախարար Ա. Աշոտյանը 
նշել է, որ վերահսկողության խստացման հետևանքով վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանում գործող մասնավոր բուհերի 40 տոկոսի գործունեությունը կասեցվել է:  Մյուս  կարևոր գերակայությունը կրթության միջազգայնացումն է, որի ուղղությոմբ , ինչպես նշել է  ՀՀ ԿԳ նախարարը, առաջընթացն ակնհայտ է, մասնավորապես  Հայաստանը 2012-15 թվականներին ստանձնել  է Բոլոնիայի քարտուղարությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության ծրագրերին վերաբերող աշխատանքային տարբեր հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։