Դեսպանը ներկայացրել է նոր ռեկտորին

2012-09-20

ՀՀ  կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նախարար Արմեն Աշոտյանին  ներկայացրել է Հայաստանի Ֆրանսիական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոնթուա Ժան Ժակին և դեսպանի մշակութային  խորհրդական Ժան Միշել Կասբարյանին: Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ ռեկտորին՝ ՀՀ ԿԳ նախարարը նրան արդյունավետ աշխատանք է մաղթել և  հույս է հայտնել, որ բացի ավանդական համագործակցությունից բուհում նաև կրթական ծրագրերի ընդլայնում և զարգացում կարձանագրվի:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆրանսիական համալսարանի  նոր ռեկտորին ներկայացրել  է աշխատանքային գերակայությունները: «Ֆրանսիական համալսարանը Հայաստանի  լավագույն բուհերից մեկն է, բայց մեր պահանջներն ու ակնկալիքները շատ ավելի հավակնոտ են, որը ենթադրում է զարգացման նոր հեռանկարներ: Ես կարծում եմ, որ համալսարանում պետք է ավելացնել  գիտահետազոտական բաղադրիչը, որը կարող է նպաստել ոչ միայն մրցունակ մասնագետներ պատրաստելու գործընթացին, այլև արտերկրից ուսանողների ներգրավմանը: Մենք ակնկալում ենք, որ առկա ներուժը նպատակային օգտագործելու դեպքում, Ֆրանսիական համալսարանը կարող է դառնալ տարածաշրջանում ֆրանսիական մշակույթի կենտրոն՝ միաժամանակ նպաստ բերելով մեր երկրում բարձրագույն կրթության որակի բարելավմանը»,- մասնավորապես նշել է նախարարը, շեշետելով, որ  ՀՀ ԿԳՆ-ն կարևորում է նաև, որ Ֆրանսիական համալսարանը գործի որպես անկախ հանրային համալսարան:
Ռեկտորը շնորհակալություն է հայտնել նախարարին և նշել, որ պատրաստակամ է նկատի առնել և աշխատանքը կազմակերպել ներկայացված գերակայությունների շրջանակում՝ նպաստելով Հայաստանում եվրոպական   կրթության զարգացմանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։