Հայաստանի կրթական համակարգի գլոբալ մրցունակության ցուցանիշները

2012-09-19

«Հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման ընթացքը և Հայաստանի կրթական համակարգը գլոբալ մրցունակության զեկույցում» թեմայով այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել էր մամուլի ասուլիս, որի բանախոս նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին է ներկայացրել ՀՀ վարչապետի հանձնարարականով 2010 թվականից գործող «Հակակոռուպցիոն ծրագրի» կրթության ոլորտին վերաբերող միջանկյալ հաշվետվությունը, ինչպես նաև Համաշխարհային տնտեսական ֆորումի կայքում զետեղված համաշխարհային մրցունակության զեկույցում Հայաստանի կրթական համակարգին վերաբերող տեղեկատվությունը:
Անդրադառնալով հակակոռուպցիոն գործողությունների ընթացքին` նախարարը նշել է, որ այս տարվա ընթացքում նշված ուղղությամբ իրականացվել են մի շարք կտրուկ քայլեր, մասնավորապես, նախնական /արհեստագործական/ և միջին  մասնագիտական ուսումնական հաստատություններում վերացվել են ընդունելության քննությունները, որը, ըստ նախարարի, հնարավորություն է ընձեռել առավել անարգել և ավելի մեծ թվով երիտասարդների ընտրել կրթության վերոնշյալ ձևը, ինչպես նաև կտրուկ նվազել են կոռուպցիոն  ռիսկերը:  «Կրթական համակարգի և, առհասարակ, ողջ հանրության համար շոշափելի արդյունքներ են գրանցվել նաև բուհական ընդունելության քննությունների ընթացքում, որոնք այս տարի անցել են աննախադեպ թափանցիկ և հանդարտ մթնոլորտում: Հիմնական առարկաների գծով շտեմարանային եղանակը քննությունները դարձրել է կանխատեսելի, կուտակվել է  սոցիալական հավասարության մեծ պաշար, նվազել է կոռուպցիոն ռիսկը: Հետևաբար, մյուս տարի բոլոր առարկաների քննությունները կանցկացվեն շտեմարանային եղանակով, որպեսզի ընդունելության քննությունը դառնա սովորական գործընթաց`օբյեկտիվ, արդար, արժանահավատ, նվազագույն կոռուպցիոն ռիսկերով»,-շեշտել է նախարարը` հավելելով, որ այս համատեքստում իրականացվել են բուհերի գործունեությանը վերաբերող լրջագույն այլ փոփոփոխություններ, որոնք միտված են կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և ուսանողների իրավունքների պաշտպանությանը: Ըստ այդմ` առաջին անգամ ուսանողներին հնարավորություն է տրվել բողոքարկել պետական ավարտական քննությունները, բացի այդ, ձայնագրվել, իսկ որոշ բուհերում նաև տեսագրվել է վերոնշյալ քննությունների ողջ ընթացքը: Կտրուկ պարզեցվել են նաև ուսանողների տեղափոխության, վերականգնման կարգերը. ընդհանուր առմամբ` համապատասխան փոփոխություններ են կատարվել շուրջ 100 իրավական ակտերում: Արմեն Աշոտյանը տեղեկացրել է նաև, որ անհրաժեշտություն է առաջացել վերանայել բուհերի ֆինանսավորման մեխանիզմները. ըստ նախարարի` առաջիկա տարիների ընթացքում բուհերում ներդրվելու են արդյունքների վրա խարսխված ֆինանսավորման մեխանիզմներ, գործարկվելու է մրցակցային հիմադրամը, ավելին` արդեն հաջորդ շաբաթ կհրապարակվի անդրանիկ հայտարարությունը` բուհական լավագույն ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ: «Բուհերում կոռուպցիոն ռիսկերն ավելի դանդաղ են նվազում, քանի որ ուսանողության մի որոշ հատված դեռևս շահագրգիռ է կոռուպցիայի առկայությամբ: Մինչև կրթության վերջնական սպառողը չկանգնի մեր կողքին, ինքը չպայքարի որակյալ կրթություն ստանալու համար, նախարարությանը միանձնյա  դժվար կլինի արմատախիլ անել նշված դրսևորումները: Դիմում եմ բոլոր ուսանողներին, ծնողներին, հանրությանը` օգնեք մեզ, և ես երաշխավորում եմ նախարարության լիակատար աջակցությունը` օբյեկտիվությունը վերականգնելու հարցում: Մենք ունենք բազում օրինակներ, երբ հաջողվել է քացաքացիական գիտակցություն ունեցող մարդկանց շնորհիվ վերականգնել արդարությունը: Սա միայն նախարարության խնդիրը  չէ, սա մեր պատասխանատվության տակ գտնվող, բայց ընդհանրական ջանքեր պահանջող բավականին բարդ, բայց կենսական կարևորության խնդիր է»,-նշել է Արմեն Աշոտյանը` անդրադառնալով նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում կոռուպցիոն ռիսկերի դրսևորմանը: Մասնավորապես, նախարարն ընդգծել է, որ, համաձայն սոցիոլոգիական հետազոտության, կոռուպցիայի աճին հիմնականում նպաստում են ծնողական խորհուրդների միջոցով իրականացվող դրամահավաքները: «Նշված դրամահավաքներն իրականում մենք չենք դիտարկում որպես կոռուպցիոն դրսևորումներ. դրանց ճնշող մեծամասնությունն ուղղված է աջակցելու դպրոցին, լուծելու այս կամ այն տնտեսական, գույքային խնդիրը: Այսինքն, հարցն օրենսդրությամբ թույլատրված է, բայց նշված գործընթացում մենք բախվում ենք մի շարք խնդիրների: Համապատասխան կարգի ներմուծմամբ` դրամահավաքն իրականացվում է ծնողական կոմիտեների որոշմամբ, բայց, ցավոք, նորից տնօրենի կամ դասղեկի դրդմամբ: Ծնողական կոմիտեի որոշումները չեն կարող լինել պարտադիր բոլոր ծնողների համար, այսինքն` ծնողական կոմիտեները չեն ներկայացնում բոլոր ծնողների կարծիքները և շատ հաճախ չեն հանդիսանում անկախ մարմիններ` դպրոցի տնօրինության կողմից: Բացի այդ, կոռուպցիա է տնօրենի, ուսուցչի` շահադիտական նպատակներով նյութական շահ ստանալու գործընթացը: Այս խնդիրն ունի միայն մեկ լուծում` ծնողների քաղաքացիական գիտակցության մակարդակի բարձրացում և ծնողական կոմիտեների անկախ գործունեություն»,-իր խոսքում նշել է նախարարը` կոռուպցիոն դրսևորումների համատեքստում անդրադառնալով նաև ուսուցիչների աշխատանքի տեղավորման հարցին: Մասնավորապես, ըստ նախարարի, շուրջ մեկուկես տարի գործող կարգը շատ հաճախ բախվում է հին մտածողությամբ մարդկանց կարծրատիպերին: «Շատ հաճախ ֆորմալ առումով ուսուցիչների մրցույթն անցնում է անթերի, բայց իրականում երբեմն շահագրգիռ և ուղղորդված ընտրություն է կատարվում: Կրթական գործընթացներում նախարարությունը հանրային ընկալման մեջ դիտվում է որպես միակ պատասխանատու, բայց իրականում այդպես չէ. գերատեսչությունը համահայկական մակարդակով պատասխանատու է կրթական քաղաքականության մշակման համար, քանի որ դպրոցների 94 տոկոսը մարզպետարանների ենթակայության է: Ապակենտրոնացված կառավարման մոդելը շատ հաճախ խանգարում է համակարգում լայնածավալ, միատեսակ և արդյունավետ փոփոփոխություններ կատարել: Կարծում եմ` մոտակա տարիներին պետք է ներդվի կենտրոնացված կառավարման համակարգ, համաձայն որի` նախարարությունը կճանաչվի միակ պատասխանատու և լիազոր մարմինը: Մեր ենթակայության դպրոցներում օրենքի պահպանման տեսակետից վիճակն  ավելի բարվոք է, քանի որ տեսչությունը պարբերաբար ստուգումների և մոնիտորինգի իրավունք ունի: Սակայն պետք է նշել, որ կան մարզեր, որոնք վերջին տարիներին համահունչ քաղաքականություն են վարում նախարարության հետ: Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերն են, որտեղ դեռևս խնդիրները վերջնականապես լուծված չեն»,-նշել է նախարարը: Ի մի բերելով հակակոռուպցիոն գործողությունների հետևանքով իրականացված աշխատանքները` Արմեն Աշոտյանը նշել է, որ  ՀՀ կառավարության սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն` կրթության ոլորտում կոռուպցիոն դրսևորումները նվազել են, սակայն գործընթացը, ընդհանուր առմամբ,  դանդաղ է ընթանում: Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ առաջիկայում դրական միտումները կավելանան. նախարարությունը հաջորդ տարվա համար մշակում է հակակոռուպցիոն ռազմավարության նոր ծրագիր, որտեղ ուրվագծվելու են հստակ և արդյունավետ նոր գաղափարներ:
Մամուլի ասուլիսի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև համաշխարհային տնտեսական ֆորումի կայքում Հայաստանի կրթական համակարգին վերաբերող տեղեկատվությանը. ըստ այդմ` ներկայացված բոլոր գրաֆիկներում պատկերված են 2006 թվականից առ այսօր Հայաստանի կրթական համակարգի վերաբերյալ միջազգային զեկույցում զետեղված գնահատականները և վիճակագրական ցուցանիշները: «Այս տարվա զեկույցում Հայաստանի ցուցանիշները լավագույնն են 2006 թվականից առ այսօր: Արձանագրել է 8 կետով աճ, հետընթաց` 2 ենթակետով, որոնցից մեկը վերաբերվում է ուսանողների թվին, որն անցյալ տարի շրջանավարտ չունենալու պատճառով օբյեկտիվ ցածր էր, իսկ  մյուսը` տարրական դպրոցում սովորողների թվի սխալ տվյալներն են, քանի որ զեկույցում նշված են 2007 թվականի վիճակագրական տվյալները, մինչդեռ այսօր մենք տարրական դպրոցում ունենք շուրջ 96 տոկոս ընդգրկում: Գրեթե բոլոր ցուցանիշներով Հայաստանն ավելի բարձր տեղերում է` Հարավային Կովկասի մյուս երկրների համեմատ»,-նշել  է նախարարը:
Ասուլիսի ընթացքում լրագրողները նախարարին ուղղել են հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են երաժշտական դպրոցների մասնագետների, Երևանի քաղաքապետարան-նախարարություն համագործակցության, սիրիահայ երեխաների կրթության կազմակերպման, հակակոռուպցիոն գործողությունների հետևանքով պատասխանատվության ենթարկված մանկավարժների, ՀՀ ԿԳՆ Գիտպետկոմի աշխատանքների արդյունավետության, Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանի կարգավիճակին վերաբերող խնդիրներին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։