Ա. Աշոտյան. Մեզ համար ընդունելի է ցանկացած առողջ առաջարկ՝ օգնելու բուհին և գործատուին

2012-09-06

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է Ուսուցման ազգային հիմնադրամի «Ուսուցում՝ հանուն երաշխիքային աշխատանքի և աշխատողի» խորագրով առաջին համաժողովին: Բացման խոսքում ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է  աշխատաշուկայի և մասնագիտական կրթության փոխադարձ կապի անհրաժեշտությունը, նշելով որ այժմ մեր երկրում այդ կապը խզված է և լիարժեք չի գործում: «Անհրաժեշտ է այդ կապը թարմացնել կամ նորովի ստեղծել»,- նշել է  նախարարը: Ա. Աշոտյանի խոսքով բուհերի տասնյակ հազարավոր շրջանավարտներ չեն կարողանում աշխատանք գտնել, որովհետև շատ դեպքերում նրանք չունեն աշխատաշուկայի պահանջները բավարարող հմտություններ:
 «Որակյալ աշխատուժի խնդիրն աշխարհի ոչ մի զարգացած երկրում բացառապես պետության հոգածությամբ չի լուծվում: Շատ կարևոր է մասնավոր հատվածի՝ իրական գործատուների մասնակցությունը որակյալ աշխատուժի ձևավորման գործընթացին: Առաջնային խնդիր է պարզել, թե որքանոՎվ է Հայաստանում այսօր պահանջված որակյալ աշխատաուժը,  և որքանով է գործատուն պատրաստ իր մասնակցությունն ունենալ կրթական ծրագրերում՝ նպաստելու որակյալ մասնագետներ պատրաստելու կարևորագույն խնդրին: Կարևոր է, որ  մեր խոշոր գործարարները գիտակցեն, որ կրթական համակարգում իրենց կողմից ներդրումների ապահովումը բարեգործություն չէ: Կրթության համակարգին բարեգործություն պետք չէ, կրթության համակարգին պետք են երկարաժամկետ ներդրումներ, որոնք  ժամանակի ընթացքում վերածվում են որակյալ աշխատուժի և որպես  տնտեսական արդյունք ի վերջո վերադառնում գործատուին»,- նշել է նախարարը և հավելել, որ Հայասատանի Հանրապետության 1000 խոշոր հարկատուների մեծ մասը դեռևս հրաժարվում է կրթական գործընթացներում մասնակցություն ունենալուց: Նախարարի խոսքով համաժողովը նպատակ ունի  փոխել և բեկել հոգեբանությունը. «Մոնոպոլացման աստիճանի նվազմանը զուգահեռ տնտեսության իրական հատվածում պետք է ավելանա որակյալ աշխատուժի պատրաստման նկատմամբ շահագրգռությունը»,- վստահություն է հայտնել նախարար Ա. Աշոտյանը և հավելել.
 «Ժամանակն է, որ մենք կարողանանք ստեղծել, թեկուզ փոքր, բայց հաջողության պատմություններ: Ես վստահ եմ, մեր  ուժերի համախմբումը և տնտեսության զարգացումը բերելու են կրթական ծառայությունների փոփոխության: Մեզ համար ընդունելի է ցանկացած առողջ առաջարկ՝ օգնելու բուհին և գործատուին»,- շետել է նախարարը՝ մեկ անգամ ևս գործոտուներին կոչ անելով համագործակցել կրթական համակարգի հետ: 
ՀՀ կառավարության կողմից 2011թ. հոկտեմբերի 27-ի No 1550 որոշմամբ հիմնադրված  Ուսուցման ազգային հիմնադրամը (ՈՒԱՀ) նպատակ ունի նպաստել աշխատաշուկա-մասնագիտական կրթություն համագործակցությանը,  խթանել հարատև և շարունակական ուսուցման մեջ կատարվող ներդրումները, նպաստել մարդկային ռեսուրսների շարունակական կատարելագործումը:
ՈՒԱՀ գերակա  խնդիրն է օժանդակել Հայաստանում աշխատաշուկայի կարիքներին համապատասխանող հմտությունների զարգացմանը՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձըÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։