«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
2012-09-06
Տարածաշրջանային փուլին մասնակցելու համար մրցույթին մասնակցելու պատրաստակամություն ցուցաբերած դպրոցները պետք է հայտ ներկայացնեն ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուին կամ մարզային (Երևանի պարագայում՝ քաղաքային) կրթության վարչություն՝ սեպտեմբերի 10-20-ն ընկած ժամանակահատվածում: Հայտերը ամբողջացնելուց հետո՝ կազմվելու է ժամանակացույց՝ յուրաքանչյուր դպրոց այցելության հստակ օրն ու ժամը ամրագրելով և տեղեկացնելով դպրոցներին: Ըստ տարածաշրջանների ձևավորված հանձնախմբերը ժամանակացույցի համաձայն՝ հոկտեմբերի 1-20-ը, կայցելեն դպրոցներ, տեղերում կդիտեն միջոցառումները և տարածաշրջանից կընտրեն մեկ լավագույնը:
Մարզային փուլին՝ հոկտեմբերի 25-31 ընկած ժամանակահատվածում որևէ օր, կներկայանան տարածաշրջաններում լավագույնը ճանաչված դպրոցները: Մարզային հանձնախումբը կընտրի լավագույն մեկ միջոցառում, որ կներկայացնի տվյալ մարզը մրցույթի հանրապետական փուլին:
Հանրապետական փուլը կկազմակերպվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ նոյեմբերի 5-8-ը՝ եռօրյա մրցույթ-փառատոնի ձևաչափով: Հանրապետական փուլի գնահատման համար ստեղծված հեղինակավոր հանձնախումբը ներկայացված միջոցառումներից կընտրի լավագույններին «Լավագույն սցենար», «Լավագույն երաժշտական կատարում», «Լավագույն բեմադրություն» անվանակարգերում և գլխավոր՝ «Հայրապետական մրցանակ»-ի համար:
Մրցանակաբաշխությունը կիրականացվի հանդիսավոր ցերեկույթի ընթացքում՝ հանդիսապետությամբ Վեհափառ Հայրապետի և ներկայությամբ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների: Խրախուսանքի կարժանան ինչպես մրցանակային պարգևների արժանացած դպրոցները, այնպես էլ հանրապետական փուլին մասնակցություն բերած դպրոցները:












