Մեկնարկել է «ԱՊՀ-Եվրոստուդենտ» միջազգային խորհրդաժողովը

2012-09-06

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է եղել սեպտեմբերի 6-ից  7-ը  Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կազմակերպված  «ԱՊՀ-Եվրոստուդենտ» երկօրյա միջազգային խորհրդաժողովի բացմանը: Ողջունելով մասնակիցներին` ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանն առաջին երկիրն է, որը պաշտոնապես միացել է  «Եվրոստուդենտ 5 –րդ կոնցորսումի» ծրագրին: «Հայաստանը միանալով այս ծրագրին պատրաստ է ծառայել որպես կամուրջ այլ երկրների համար»,- բացման խոսքում նշել է նախարարը և հավելել, որ  «ԱՊՀ-Եվրոստուդենտ» ծրագրի մեկնարկը մեր երկրում համընկնում է կարևոր ժամանակահատվածի հետ, երբ Հայաստանը ստանձնել է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը: 
«Լինելով ԱՊՀ անդամ և միաժամանակ Բոլոնիայի գործընթացի մասնակից` մեր երկիրը կարևորում է Եվրասիական մեծ մայրցամաքի գիտակրթական ընդհանուր տարածքի ստեղծումը և պատրաստ է իր նպաստը բերել այդ գործընթացին»,- նշել է նախարարը:
Նախարար Ա. Աշոտյանը շեշտել է, որ  ծրագիրը կնպաստի ՀՀ ուսանողների հնարավորություննեի ընդլայնմանը և սոցիալական իրավունքների ամրապնդմանը. «Մենք գիտենք, որ մեր ուսանողների սոցիալական խնդիրները տարբեր են և այդ առումով բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական պատասխանատվության բեռը գնալով ավելնում է: Մեր շատ ուսանողների կենցաղային պայմանները հեռու են բավարար լինելուց, մենք ունենք ժամանակակից հանրակացարանների անհրաժեշտություն՝ մարզերից եկած ուսանղների համար, կրթաթոշակների բարելավման և բազմաթիվ այլ խնդիրներ»,- նշել է  ՀՀ ԿԳ նախարարը: Միաժամանակ Ա. Աշոտյանը շեշտել է, որ վերջին մի քանի տարում բուհական համակարգում նկատելի նորարարական  փոփոխություններ են կատարվել, մասնավորապես ուսանողակենտրոն կրթական համակարգի ներմուծումը, որը Բոլոնիայի գործընթացի գլխավոր գաղափարախոսություններից է: «Վերջին տարիներին իրականացված իրավական փոփոխությունները և ընդունված նոր կարգերը  միտում ունեն ամրապնդել ուսանողների իրավունքները և  նպատակ են հետապնդում ուսանողին դիտարկել որպես   բարձրագույն կրթություն իրականացնող, կրթական գործընթացի վերջնական սպառող և կրթական ծառայությունների հիմնական վերահսկող»,- ընդգծել է նախարարը և հույս հայտնել, որ  Հայաստանի մասնակցությունն «ԱՊՀ-Եվրոստուդենտ» գործընթացում մեր երկրին կբերի նոր գործընկերներ եւ  կարևոր հարթակ կդառնա` առկա խնդիրների ուսումնասիրման եւ բացահայտման համար:
Հայաստանը « Եվրոստուդենտ» ծրագրի հինգերորդ փուլի աշխատանքներին մասնակցելու է 2012 թվականից : Երկօրյա խորհրդաժողովի նպատակն է ոլորտի պատասխանատուներին իրազեկել ծրագրի մասին:
 «Եվրոստուդենտ»-ը հետազոտական մեծ  ծրագիր է, որի նպատակն է ուսումնասիրել ուսանողների կյանքի այլ կողմերը, օգնել տարբեր պետություններին` ազգային կրթության զարգացման համար պայմաններ ստեղծելու հարցում:
 Երկօրյա խորհրդաժողովին մասնակցում են բարձրագույն կրթության պատասխանատուներ Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Բելառուսից և այլ երկրներից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։