Համգործակցության հեռանկարներ բարձր տեխնոլոգիաների առաջատարների հետ

2012-09-05

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայտնի «Ինթել» կորպորացիայի պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական համակարգում բարձր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ որոշակի աշխատանք իրականացվել է, սակայն ոլորտը դիտվում է հեռանկարային և պահանջում է մշտական զարգացում: Նախարարը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում «Ինթել»-ի կողմից իրականացվող կրթական ծրագրերով:
Ներկայացնելով կրթության ոլորտի գերակայությունները՝ նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ ՀՀ կառավարության 2012-17 թվականների գործունեության ծրագրում ներառված է առաջին դասարանցիներին համակարգիչներ հատկացնելու ծրագիրը: «Ինթել» ընկերությունը այս ասպարեզում հաջող փորձ ունի: Կրթության և գիտության նախարարը ընդգծելով, որ համակարգչային հագեցվածության ապահովումը կրթական բարեփոխումների համատեքստում առաջնային է դիտարկվում,  կարևորել է համագործակցությունն  ուսուցիչների վերապատրաստման և հայերենով էլեկտրոնային կրթական բովանդակություն ստեղծելու հարցերում: «Մենք շահագրգիռ ենք հատկապես ուսուցիչների վերապատրաստաման ծրագրով, որը կնպաստի էլեկտրոնային դասընթացներ  վարելու նրանց հմտության բաելավմանը, ինչպես նաև աշակերտ-համակարգիչ ցուցանիշի բարելավմամբ: Մեզ հատկապես հետաքրքրում են հայերեն ծրագրերով համակարգիչներ»,-նշել է նախարարը:  Անդրադարձ է եղել նաև  բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում բարձր տեխնոլոգիաների հենքային լաբորատորիայի ստեղծմանը: Հանդիպմանը ներկա ՀՊՃՀ ռեկտոր Ա. Ավետիսյանն ու ԿՏԱԿ-ի տնօրեն Ա. Պողոսյանը ներկայացրել են կրթության ոլորտում բարձր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ իրականացված ծրագրերն ու հեռանկարները:
«Ինթել» կորպորացիայի փոխնախագահ Քրիստիան Մորալեսը նշել է, որ տպավորված է Հայաստանի կրթության համակարգի զարգացման ակտիվ տեմպերով և հույս հայտնել, որ համագործակցությունը կողմերի համար կլինի արդյունավետ:
Հանդիպման արդյունքում  որոշվել է ՀՀ ԿԳ նախարարության և «Ինթել» կորպորոցիայի միջև  համագործակցության հուշագիր նախապատրաստել՝ հստակեցնելով ծրագրերի իրականացման ժամանակացույցն ու եզրերը: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։