Սեպտեմբերի մեկը նախարարի համար կրկնակի տոն էր

2012-09-01

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին այցելել է Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց և ներկա գտնվել Գիտելիքի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Նախարարը  տիկնոջ հետ դպրոց էր ուղեկցել  ավագ որդուն, ով այս դպրոցում առաջին դասարան է կհաճախի: «Այսօր ինձ համար կրկնակի տոն է: Նախ որպես ծնող, ով իր որդուն առաջին անգամ բերել է դպրոց և, իհարկե, որպես կրթության և գիտության նախարար,  ով բոլոր 400  հազար աշակերտների հետ միասին այսօր  դպրոց է գնում»,-Գիտելիքի օրվա առիթով շնորհավորելով Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցականներին՝ նշել է նախարարը մաղթելով, որ բոլոր առաջին դասարանցիները  սիրով հաճախեն դպրոց, արժևորեն  կրթության նշանակությունը և դպրոցական 12 տարիները պատվով  կարողանան անցնել:

 ՀՀ  ԿԳ նախարարը նաև նշել է, որ պետության համար կրթական ոլորտը գերակա է, իսկ դպրոցի խնդիրներն առաջնային ուշադրության կենտրոնում են: Նշելով, որ վերջին տարիներին հետևողական աշխատանք է կատարվել դպրոցների շենքային պայմանների և տեխնիկական  հագեցվածության բարելավման ուղղությամբ, նախարարը միաժամանակ շեշտել է, որ  շենքային պայմանների  կարիքը առաջնային է  հատկապես ավագ դպրոցներում:
Նախարարը տեղեկացրել է, որ նախնական տվյալներով այս տարի ՀՀ 1400 դպրոցներում առաջին դասարան կհաճախեն մոտ 37 հազար երեխաներ:  

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։