Դպրոցները պատրաստ են սեպտեմբերի 1-ին

2012-08-31

«Հայելի» ակումբում սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի  օրվա նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսում  ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը  անդրադաձել է  2012-2013 ուսումնական տարվա մեկնարկին ու հանրակրթական դպրոցներում կատարված  նախապատրաստական աշխատանքներին: Ն. Հովհաննիսյանը  նշել է, որ Հայաստանում գործում է ավելի քան 1400 դպրոց, դրանցից 161-ը` Երևանի քաղաքապետարանի ենթակայության  են և որ մայրաքաղաքում գործող մնացած 37 դպրոցները` ստանալով ավագ դպրոցի կարգավիճակ, անցել են ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությանը:
Հանրակրթության վարչության պետը  տեղեկացրել է, որ այս տարի սեպտեմբերի 1-ին Հայաստանում հանրակրթական դպրոցներն ունենալու են շուրջ 37000 առաջին դասարանցի և որ  կատարված նախնական դիտարկումներով մինչև սեպտեմբերի 5-ը այս թիվը կարող է փոփոխվել:
Նարինե Հովհաննիսյանի խոսքով  այս տարի առաջին անգամ տարրական դպրոցում  աշակերտներին  բոլոր   դասագրքերը կտրամադրվեն  անվճար, ի տարբերություն նախորդ տարիների, երբ,  օտար լեզվի և «Երաժշտության» դասագրքերը  տրամադրվում էին վարձավճարով:
Ն. Հովհաննիսյանը նշել է, որ   ՀՀ ԿԳ նախարարի հրամանով հաստատվել է դասագրքերի վարձավաճարների չափը, որը տեղադրված է ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքում: Այս աշխատանքները պատշաճ իրականացնելու համար դպրոցների տնօրենները ստացել են համապատասխան հրահանգ -հանձնարարական:
Լրագրողների հետ հանդիպմանը ԿԳՆ հանրակրթության վարչության պետը ներկայացրել է  նաև այս տարվա առարկայական միջազգային օլիմպիադաներում հաղթած դպրոցականների  բարձր ցուցանիշները:  Հայաստանի դպրոցականների թիմը միջազագային օլիմպիադաներից վերադարձել է 10 մեդալով` 9 բրոնզե և մեկ արծաթե մեդալ :
Անդրադառնալով դպրոցների  ջեռուցման խնդիրներին` հանրակրթության վարչության պետը հավաստիացրել է, որ ձմռանն ընդառաջ ամեն ինչ արվում է, որպեսզի Երևանում չջեռուցվող դպրոցներ չլինեն: Նա նշել է, որ մարզային դպրոցներում ջեռուցման խնդրով զբաղվում են   մարզպետները:  «Ջեռուցման հարցը պետության համար գերակա խնդիր է»,- հավելել է Ն. Հովհաննիսյանը:
Ասուլիսի վերջում հանրակրթության վարչության պետն ամփոփելով խոսքն ասել է.«Բոլոր դպրոցների դռները սեպտեմբերի 1-ին բաց կլինեն  մեր աշակերտների  առջև: Օրը տոնական է, դպրոցներում այդ օրը  լինելու է  բարձր և տոնական տրամադրություն»:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։